Թուրքիան մտադիր չէ փոխհատուցել խոցած ռուսական ռմբակոծիչի վնասը
Թուրքիան չի պատրաստվում փոխհատուցում վճարել խոցված ռուսական ինքանթիռի համար, ինչպես նաև ներողություն չի խնդրի: Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ ասված է, որ եթե Ռուսաստանը ցանկանում է երաշխիք ստանալ, որ Թուրքիան այլևս չի խոցի իր ինքնաթիռնոերը, ապա Մոսկվան պետք է իր հերթին երաշխավորի, որ երբեք չի խախտի Թուրքիայի օդային սահմանը:
Հիշեցնենք, որ թուրքական F-16 կործանիչը նոյեմբերի 24-ին կործանել էր Սիրիայի տարածքում թռչող ռուսական Cy-24 ռմբակոծիչը՝ հայտարարելով, որ այն հատել էր թուրքական օդային սահմանը, ինչը հերքում են ռուսական իշխանությունները: Միջադեպից հետո կտրուկ վատթարացան ռուս-թուրքական հարաբերությունները և Մոսկվան տնտեական պատժամիջոցներ սահմանեց Անկարայի դեմ:
Ավելի վաղ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը հայտարարել էր, որ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան 3 պայման կատարի՝ ներողություն խնդրի միջադեպի համար, գտնի մեղավորներին ու պատժի և ռուսական կողմին փոխհատուցում տա: