1271 դիտում
13:57 11-12-2015
Լիբանանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Ջբեյլի՝ Հայոց ցեղասպանությունից փրկված որբերին նվիրված թանգարան
Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Լիբանանում հավատարմագրված դեսպանների այցելությունը Ջբեյլի «Թռչնոց բույն» հաստատության տարածքում գտնվող «Արամ Բեզիկյանի» անվ. թանգարան՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված և վերոնշյալ հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին: Հյուրերը ծաղիկներ զետեղեցին դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի շիրիմին:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, մասնավորապես, նշեց, որ այցելությունը տեղի է ունենում Մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, առաջին անգամ միջազգային հանրությունը պաշտոնապես նշեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Նա հավելեց, որ վերջինս Հայաստանի նախաձեռնությունն էր, որի արդյունքում սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած համապատասխան բանաձևը՝ ուղղված ցեղասպանության ոճրի դեմ միջազգային գործողությունների խթանմանն ու համախմբմանը: Դեսպանը ընդգծեց, որ ընթացիկ տարվա ընթացքում առաջադեմ մարդկությունը իր համերաշխությունն ու աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին, որը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա նշեց, որ այս տարի նշվում է նաև Օսվենցիմի ազատագրման 70-րդ, Կամբոջայի ցեղասպանության 40-րդ, ինչպես նաև Պոնտոսի հույների, ասորիների և Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունների տարելիցները: Դեսպանի խոսքով՝ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ Դաեշի, Ալ-Նուսրայի, այլ ահաբեկչական խմբավորումների կողմից գործած նմանատիպ հանցագործությունների հանդեպ:
Դեսպան Քոչարյանը թվարկեց այն հիմնական ուղղությունները, որոնց խորհուրդով ընթացիկ տարում ամբողջ աշխարում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ. դրանք են՝ հարգանքի տուրք նահատակների հիշատակին, երախտագիտություն հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին և միջազգային կառույցներին, միջազգային պայքար և վերածնունդ: Դեսպանը շեշտեց միասնականության և համերաշխության կարևորությունը ապագայում նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Այնուհետև ներկաները շրջայց կատարեցին հաստատության տարածքով, այցելեցին թանգարան, որտեղ ցուցադրված են բազմաթիվ փաստագրական նյութեր Հայոց Ցեղասպանության, որբանոցի հիմնադրման և Մարիա Յակոբսենի մարդասիրական գործունեության վերաբերյալ:
Միջոցառման շրջանակներում Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը ներկաներին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ողջույնները և ներկայացրեց մանրամասներ «Թռչնոց բույն» հաստատության մասին:
Միջոցառմանը մասնակցեցին Լիբանանի հայոց թեմի առաջնորդը, Բեյրութի դիվանագիտական կորպուսի ղեկավար, պապական նվիրակը, Լիբանանի ԱԳ և մշակույթի նախարարների ներկայացուցիչները, Լիբանանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, Բեյրութում հավատարմագրված երկրների դեսպաններ, Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետը:
Նմանատիպ նյութեր
3408 դիտում
14:43 06-03-2019
ԱՄՆ-ում 104 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված և նախագահ Ռուզվելտին լուսանկարած Արթին Հայկը
1119 դիտում
21:52 22-04-2015
The Wall Street Journal-ը պատմում է Ցեղասպանությունից փրկված հայերի պատմությունները
Այս բաժնից
991 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
748 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
838 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ