992 դիտում
18:48 10-12-2015
Պրահայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական-երաժշտական միջոցառում
Դեկտեմբերի 8-ին Չեխիայի մայրաքաղաքի «Պիսեցկա Բրանա» ցուցասրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թեման 2015թ. չեխական հրատարակություններում» գրական-երաժշտական երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ձեռնարկը կազմակերպվել էր «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի և Չեխիայում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով:
Բացելով երեկոն, «Օրեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը ներկայացրեց 2015 թվականի ընթացքում լույս տեսած չեխերեն երեք նոր հրատարակությունները՝ Պրահայում ծնված ավստրիացի մեծանուն գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպը և «Պլավ» գրական հանդեսի հատուկ թողարկումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը և հայ գրականությանը։
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ամփոփելով ընթացիկ տարում Չեխիայում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, նշեց, որ Հայոց ցեղասպանության թեման միշտ արդիական է և մյուս տարի ևս կկազմակերպվեն այլ ձեռնարկներ։ Հայ դիվանագետը հատուկ կարևորեց Չեխիայի բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը Երևանում կազմակերպված ապրիլ 24-յան միջոցառումներին և խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ապրիլի 14-ին։ Դեսպանը նաև բարձր գնահատեց հրատարակված գրքերն ու ամսագիրը և ողջունեց հրատարակչությունների ներկայացուցիչներին։
Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև «Վիշեհրադ» հրատարակչության խմբագիր Ֆիլիպ Օուտրատանը, ով ներկայացրեց մուսալեռցիների սխրանքն անմահացնող Ֆ․Վերֆելի վեպի նոր հրատարակությունը, ինչպես նաև Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի չեխերեն թարգմանությունը կատարած Յարմիլա Հորակովան։
«Պլավ» գրական հանդեսի հատուկ թողարկումն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանությանն ու հայ գրականությանը։ Այն ներկայացրեց թողարկման պատասխանատու խմբագիր Պավլա Նեհասիլովան, ով շեշտեց, որ առաջին անգամ չեխերենով ներկայացվել են ժամանակակից հայ գրողներ Վահագն Գրիգորյանի, Արմեն Շեկոյանի, Անահիտ Թոփչյանի, Ալեքսանդր Թոփչյանի ստեղծագործությունները, հայ դասականների աշխատանքներն, օրինակ, հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից, Հովհաննես Թումանյանի և այլ հայ գրողների գործեր։
Նմանատիպ նյութեր
1130 դիտում
16:27 24-02-2015
Պրահայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ
1072 դիտում
18:00 13-03-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Պրահայում
Այս բաժնից
349 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
442 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր