211652_close_icon
views-count1189 դիտում article-date 21:28 13-08-2026

Գարշահոտ վիճակ ու համաճարակի վտանգ՝ Երևանում. բազմաբնակարանային շենքի նկուղը լցված է կեղտաջրով. բնակիչներն ասում են. «Հարգելի՛ Տիգրան Ավինյան, ինչ թաղապետ եկավ, դատարկ խոստումներ տվեց. փրկեք շենքը փլուզումից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երկար ու ձիգ տարիներ է՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 66 բազմաբնակարանային շենքի բնակիչները ամեն օր գիշերելիս հույս էլ չունեն, թե շենքը չի նստի։

Օգոստոսի 11-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում շենքի բնակիչները արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին և «Վեոլիա ջուր» ընկերությանը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երևանի քաղաքապետարանը միշտ ասում էր, թե պիտի այնպես անենք, որ բնակիչների համար ավելորդ անհարմարություններ, գլխացավանքներ իշխանության կողմից չլինեն։ Բայց մի բան է խոսքը, մեկ այլ բան՝ գործը։ 

Երկար ու ձիգ տարիներ է՝ սպասում ենք, թե երբ է մեր խնդիրը լուծվելու։ Իսկ մենք շատ բան չենք խնդրում ու պահանջում։ Ուզում ենք նախ շենքը փրկվի վթարային դառնալու հեռանկարից, իսկ հետո էս գարշահոտ ու հակասանիտարական վիճակը վերանա։

Երկար ու ձիգ տարիներ է՝ ում ասես դիմել ենք, էլ թաղապետարան, էլ «Վեոլիա ջուր», ոչ  ոք չի մտածում մեր խնդիրը լուծելու ուղղությամբ։

Կանոնավոր վճարումները կատարում ենք, բայց այդ պաշտոնյաները ոչինչ չեն անում շենքի նկուղային հարկում կուտակված կեղտաջուրը հեռացնելու, կոյուղատարերը վերանորոգելու, իսկ ավելի ճիշտ՝ նորով փոխարինելու գործում։

Հիմա ստիպված դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հավատալով, որ գոնե նրա միջամտության արդյունքում սայլը տեղից կշարժվի։ Թե չէ գրեթե ինչքան թաղապետ է փոխվել, բոլորը միայն լավ ու ճոռոմ խոստումներ են տվել։ Հետաքրքիր է, որ պատճառն էլ իրենք գիտեն, թե ինչի հետևանքով է կեղտաջուրը լցվում շենքի նկուղ։ Նախկին թաղապետերի օրոք բռնել են կոյուղատարի ու դիտահորի վրա երկհարկանի շենք են գցել՝ չմտածելով, որ այդ կերպ կոյուղատարերը «հերն անիծում են»։ 

Եթե նախկին թաղապետերը հետևողականություն ցուցաբերեին ու թույլ չտային այն կառուցել, ապա այսօր այս խնդրի առաջ չէինք կանգնի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր