211652_close_icon
views-count1458 դիտում article-date 23:16 22-05-2019

Ռիգայի «Ռայնիսի և Ասպազիայի» տուն թանգարանում տեղի է ունեցել գրական-երաժշտական երեկո՝ նվիրված հայտնի ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի գրական գործունեությանը

Մայիսի 21-ին Ռիգայի «Ռայնիսի և Ասպազիայի» տուն թանգարանում (Raiņa un Aspazijas māja) տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո՝ նվիրված հայտնի ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի գրական գործունեությանը և իր ստեղծագործությունների լատիշերեն թարգմանություններին, որը լատվիական Յանիս Ռոզե հրատարակչության հետ համատեղ նախաձեռնել և կազմակերպել էր Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս): Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ միջոցառման անցկացման վայրն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում, քանզի լատվիացի խոշորագույն գրող, գրականագետ Յանիս Ռայնիսը հայ ժողովրդի ամենալավ լատվիացի բարեկամներից մեկն է եղել: Ներկայացնելով Նարինե Աբգարյանի ստեղծագործական ուղին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ Նարինե Աբգարյանն իր եզակի գրելաոճով և կերտած ինքնատիպ կերպարներով ժամանակակից գրականության ամենավառ դեմքերից մեկն է, ում ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, այդ թվում նաև՝ լատիշերեն: Դեսպանը նշեց, որ հայտնի հայազգի գրողի գործունեությանը նվիրված միջոցառումը, նրա հանդիպումները գրական շրջանակների հետ, հարցազրույցներն ինքնին մեծ իրադարձություն են հանդիսանում լատվիական գրական կյանքում։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մեծանուն գրողի ստեղծագործություններից «Մանյունյա» և «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպերի լատիշերեն թարգմանությունները, տեղի ունեցավ բնօրինակի և թարգմանության զուգահեռ ընթերցանություն Նարինե Աբգարյանի և թարգմանիչ Իլզե Պաեգլե-Մկրտչյանի կողմից: Գրական երեկույթի ընթացքում Նարինե Աբգարյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին իրեն հյուրընկալելու և իր ստեղծագործությունների հանդեպ մեծ ուշադրություն ցուցաբերելու համար, նշեց, որ չնայած իր ստեղծագործությունների հիմնական լեզուն ռուսերենն է, բայց և այնպես դրանք վառ երանգներով արտացոլում են հայկական իրականության ամենատարբեր դրսևորումները: Միջոցառման ընթացքում հեղինակը և թարգմանիչը պատասխանեցին նաև հանդիսատեսի բազմաթիվ հարցերին, հեղինակը մանրամասներ հայտնեց իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի և սպասվող շնորհանդեսների մասին: Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց հյուրասիրություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր