211652_close_icon
views-count1220 դիտում article-date 16:27 24-02-2015

Պրահայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

Փետրվարի 22-ին Պրահայի ֆիլհարմոնիկին պատկանող եկեղեցում դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը համատեղ կազմակերպվել էր Չեխիայում ՀՀ դեսպանության ու «ArmanV Art» կազմակերպության, ինչպես նաև մի շարք շվեյցարահայերի, չեխական «Atlantis Investment» ընկերության, Պրահայի «General» հյուրանոցի, Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու և չեխ-հայկական ընկերակցության աջակցությամբ: Համերգին ներկա էին եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանը համառոտ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը` մասնավորապես նշելով. «Հայոց ցեղասպանության դառը դասերը համամարդկային պատմության և հիշողության մեջ անհետ չեն մնացել. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի, հույների և ասորիների, Ռուանդայի ու Դարֆուրի ցեղասպանությունների սարսափները: Ցավալի է, որ Ցեղասպանության ժխտողականությունն ու ուրացումը դեռևս տեղ ունեն ժամանակակից աշխարհում: Քաղաքական նպատակահարմարությունն ու տնտեսական շահը հաճախ գերակշռում են միջազգային քաղաքականության մեջ: Իսկ ժխտողականությունն ու ուրացումն անխուսափելիորեն բերում են նոր բռնություններ և հանցագործություններ»: Համերգի ընթացքում Չեխ մեծանուն երգահան Բոհուսլավ Մարտինի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին շվեյցարահայ կոմպոզիտոր Հայկ Վարդանի երեք սիմֆոնիաները: Այնուհետև նվագախումբը կատարեց (խմբավար` Դավիթ Շվեց)՝ 100-րդ տարելիցի համար հատուկ գրված «III Symphonia Requiescat 1915»-ը: Նվագախմբի խմբավարն էր Չեխիայի Ազգային թատրոնի նվագախմբի դիրիժոր Դավիթ Շվեցը:

Նմանատիպ նյութեր