Կհեռանամ, եթե ապացուցեք, որ մենք «Իսլամական պետությունից» նավթ ենք գնում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե ապացուցվի, որ Թուրքիան նավթ է գնում ԻՊ-ից, ապա ինքը պատրաստ է հրաժարական տալ՝ հավելելով, թե Թուրքիան այնքան էլ ստոր չէ, որ նավթ գնի ահաբեկիչներից:
BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը նա արել է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի՝ Կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի շրջանակներում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փաստեր կան, որ ահաբեկիչների կողմից վերահսկվող նավթի հանքերից հսկայական քանակի նավթ է բեռնատարներով տեղափոխվում Թուրքիայի տարածք:
Հիշեցնենք, որ թուրք-ռուսական հարաբերությունները սրվել են նոյեմբերի 24-ին Սիրիայում թուրքական F-16 կործանիչի կողմից ռուսական Cy-24 ռմբակոծիչը խոցելուց հետո: Ռուսական կառավարությունը մի շարք տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ: