211652_close_icon
views-count4116 դիտում article-date 08:43 28-11-2015

Ալիևի վախն ու Երևանի ռիսկերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը վերլուծել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է միջնորդ լինել թուրք-ռուսական հակամարտությունը կարգավորելու համար: Բաքուն ակնհայտորեն ցանկանում է իր դիվիդենտները քաղել ռուս-թուրքական հակամարտությունից: Ըստ էության, սա, իհարկե կարող է նաև տագնապից բխել և Ադրբեջանն ըստ էության, կարող է բավական հիմնավոր վախ ունենալ, որ ռուս-թուրքական հակամարտությունը կբերի Բաքվի համար ճնշումների մեծացման, եթե շարունակվի: Այսինքն, Անկարան կարող է ստիպել Ալիևին այսպես ասած, իր կրտսեր եղբայրությունն անել, իսկ Ռուսաստանն էլ կարող է ստիել «դավաճանել»: Այսինքն, Բաքուն այսպիսով կհայտնվի կամ-կամ-ի առաջ, կամ Թուրքիայի կողմն անցնել, կամ Ռուսաստանի: Եվ, սա, իհարկե Ալիևի համար հղի է իսկապես ծանր հետևանքներով, եթե նկատի առնենք, որ Արևմուտքի հետ Բաքվի հարաբերությունները լարված են վաղուց: Եվ ահա, Ալիևը փորձում է միջնորդ դառնալ, զոհ չդառնալու համար: Բաքվից եկած այս հայտարարության ֆոնին առավել ակտուալ է դառնում Հայաստանի հարցը: Հայաստանն էլ այն պետությունն է, որին սպառնում է ռուս-թուրքական կոնֆլիկտը: Իհարկե, միանշանակ չէ ամեն ինչ, և Հայաստանը կարող է նաև զգալիորեն օգտվել, սակայն այն դեպքում միայն, եթե վարի ինքնուրույն քաղաքականություն: Բանն այն է, որ ռուսական վարքի դեռևս ոչ պաշտոնական, սակայն մի շարք հատկանշական դրսևորումներ ռիսկեր են առաջացնում առ այն, որ Մոսկվան Հայաստանը կարող է դիտարկել Թուրքիային պատժելու գործիք: Թեև, արդեն նաև պաշտոնական դրսևորումներ կան: Պետդումայում է մի օրինագիծ, որով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Եթե Հայաստանը դառնում է գործիք, ապա այստեղ խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ կօգտվի ռուս-թուրքական կոնֆլիկտից: Սակայն, եթե Հայաստանն այստեղ ունակ է ինքնուրույն դերակատարման, ապա այստեղ, իհարկե հեռանկարներն, իսկապես առկա են: Ողջ խնդիրն ինքնուրույնությունն է»:

Նմանատիպ նյութեր