Եվրոպայի լիգա. «Բորուսիան» պարտվեց Կրասնոդարում. տեսանյութ
Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Ռուսաստանում 0:1 հաշվով պարտվեց «Կրասնոդարին»:
«Կրասնոդարի» հենց առաջին իսկ գրոհի ժամանակ Մատս Հումելսը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները: Մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Պավել Մամաևը:
Դրանից հետո մինչև հանդիպման ավարտը «Բորուսիան» հսկայական առավելություն ուներ, ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, սակայն մի շարք դրվագներում իրեն փայլուն դրսևորեց ռուսական ակումբի դարպասապահ Անդրեյ Դիկանը, իսկ 4 անգամ էլ, որոնցից մեկը Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո, գնդակը դիպավ դարպասաձողին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Նշենք, որ այս խաղից հետո «Բորուսիան» ու «Կրասնոդարը» C խմբում վաստակեցին 10-ական միավոր, սակայն «Կրասնոդարը» «Բորուսիայի» հետ երկու խաղերի արդյունքով ունեցած առավելության շնորհիվ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Բոլոր դեպքերում, երկու թիմերն էլ ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆում:
[b]
Եվրոպայի լիգա, խմբային մրցաշար, 5-րդ տուր[/b]
«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 1:0
Պավել Մամաև, 2, 11մ



