Թուրքիայի հետ սահմանին խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի օդաչուներից մեկը պատանդ է վերցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրք-սիրիական սահմանին քիչ առաջ Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Cy-24 ռազմական օդանավ է խոցվել: Տեղեկությունը հաստատել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, հաղորդում է rosbalt.ru-ն:
Գերատեսչությունում ենթադրում են, որ օդանավը ամենայն հավանականությամբ խոցվել է ցամաքից արձակված կրակոցի հետևանքով: Թռիչքի պահին այն եղել է 6 հազար մետր բարձրության վրա: Օդաչուների ճակատագիրն այս պահին ճշտվում է: Նախնական տվյալներով՝ օդաչուները կատապուլտի միջոցով դուրս են թռել ինքնաթիռից:
Թուրքական Hurriyet թերթն իր հերթին նշում է, որ օդաչուներից մեկին պատանդ են վերցրել տեղի թուրքմենները:
ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարել է, որ օդանավը խոցվելու պահին գտնվել է բացառապես Սիրիայի օդային տարածքում, ինչը ֆիքսել են վերահսկողության օբյեկտիվ միջոցները:
CNN Turk-ի թղթակիցը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտարարել է, որ այն հատել է թուրք-սիրիական սահմանը և այդ իսկ պատճառով խոցվել է թուրքական օդուժի կողմից:
Օդանավն ընկել է Կիզիլդաղ լեռնային շրջանում, որը Թուրքիայի պետական սահմանից 5 կմ հեռավորության վրա է գտնվում: