211652_close_icon
views-count1830 դիտում article-date 19:00 10-11-2015

Երբ անտարբեր ես ու քեզ ոչինչ չի հետաքրքրում

Հետաքրքրությունը մարդու գործողությունների հիմնական և ընդհանրական խթանն է: Մարդը զբաղվում է այն գործով կամ հարցով, որը համարում է հետաքրքիր: Այս առումով հետաքրքրությունը հարաբերական երևույթ է, որովհետև մի բան կարող է հետաքրքիր լինել մեկի համար և անիմաստ ու անհեթեթ մեկ ուրիշի: Այսպիսով հետաքրքրությունը ուղղակի առնչություն ունի կրթության, դաստիարակության, մասնագիտության, ցանկությունների, մղումների հետ: Եթե մարդը մաթեմատիկա չգիտի, ապա նրան չի հետաքրքրում մաթեմատիկական խնդիրը: Եթե կերպարվեստից, կտավից չի հասկանում, ապա չի նրան չի հետաքրքրի նույնիսկ բարձրաժեք կտավը: Եթե երաժշտությունից չի հասկանում, ապա տարբերություն չի դնի ռաբիսի և դասականի միջև: Եթե անտարբեր է պետության, քաղաքականության, հասարակության նկատմամբ, ապա ընտրություններին չի մասնակցի, կամ կմասնակցի միայն ընտրակաշառքով, որն ըստ էության նույն բանն է: Եթե մարդիկ ստանում են նույն դաստիարակությունը, կամ կրթությունը, կամ նույն մասնագետն են, կամ նույն ցանկությունն ունեն, ապա նրանց հետաքրքրությունները համընկնում են: Մարդկանց հետաքրքրությունները կարող են համընկնել նաև կապկելու արդյունքում: Եթե հեղինակավոր անձն ասում է, որ այսինչ բանը հետաքրքիր է, ապա նրա հեղինակությունն ընդունողը կապկում է հեղինակավոր կարծիքը, և առանց հասկանալու, համարձակ ասում, որ այդինչ բանը հետաքրքիր է: Հետաքրքրությունը գովազդի, մանիպուլյացիայի գործիքներից է: Գովազդը պիտի հետարքրքրություն առաջացնի ապրանքի, ծառայության, բրենդի նկատմամբ: Գովազդի մասնագետը պարտավոր է ծանոթ լինել հասարակության իրական հետաքրքրություններին, հասարակության հոգեբանությանը, վարքաբանությանը, որպեսզի կարողանա մանիպուլացիայի ենթարկել: Մանիպուլացիայի ենթարկված մարդիկ առաջնորդվում են միևնույն հետաքրքրությամբ՝ մտածում, զգում և վարվում են միևնույն կերպ: Եթե հաջողվում է մարդկանց խմբին կամ հասարակությանը անծանոթ, նոր հետաքրքրություն ներշնչել, ապա կարելի է ասել, որ այդ հասարակությանը կարելի է մանիպուլյացիայի ենթարկել, ուղղորդել, առաջնորդել: Տեսականորեն կարելի է ցանկացած հետաքրքրություն ներշնչել գրեթե ցանկացած մարդու, մարդկանց խմբի, հասարակությանը: Սակայն մերժելի, հեղինակազրկված, չսիրված անձը չի կարող հետաքրքրություն տարածել, մանիպուլյացիայի ենթարկել, որովհետև հետաքրքրությունը սիրո պրոեկցիան է հետաքրքրության հարթության վրա: Սիրախառն հետաքրքրություն կարելի է ներշնչել նույնիսկ դեպրեսիի, ստուպորի մեջ եղածին, վախեր, տագնապներ ունեցողին, աուտիկին: Եթե դեպրեսիկին և վախեցածին հետաքրքրում է Ձեր ասածը, ուրեմն նրանք Ձեզ սիրում են: Այսքանից հետևում է, որ դեպրեսիով, վախերով տառապող, հուսահատված հասարակությանն անհնար է հետաքրքրություն ներշնչել նույնիսկ կենսական նշանակության հարցերի շուրջ, մանավանդ, երբ աղբյուրը սեր ու վստահություն չի վայելում: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր