211652_close_icon
views-count1841 դիտում article-date 08:31 07-11-2015

Բազմաթիվ համայնքապետեր պնդում են, որ մարդկանց ընտրատեղամասեր բերելը ուղղակի անհնար գործ է լինելու. «Ժամանակ»

«Հիմնական խնդիրը, որ կանգնած է սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզչություն իրականացնողների առաջ հասարակության պասիվությունն ու անտարբերությունն է ինչպես սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ դրա քարոզիչների նկատմամբ», -գրում է «Ժամանակ» թերթը ու հավելում. «Մարդիկ ոչ մի հետաքրքրություն չեն դրսևորում սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, քանի որ չեն հասկանում, թե կողմ քվեարկելով այդ փոփոխությունների օգտին՝ իրենք ինչ են ստանալու դրա դիմաց, այդ փոփոխությունները ինչպես են անդրադառնալու իրենց առօրյայի վրա: Ավելի մարդակենտրոն, ավելի ժողովրդավարական, ավելի ազատական ձևակերպումները մարդկանց մոտ ոչ մի հետաքրքրություն չեն առաջացնում այդ փոփոխությունների նկատմամբ: Բազմաթիվ համայնքապետեր պնդում են, որ մարդկանց ընտրատեղամասեր բերելը ուղղակի անհնար գործ է լինելու, քանի որ մարդիկ չգիտեն թե ինչ ասել է սահմանադրական փոփոխություններ: Ավելի անկեղծանալով՝ նրանք պնդում են, որ մարդկանց ինչ-որ չափով շահագրգռելու եւ ընտրատեղամասեր բերելու համար պետք է փող բաժանել, քանի որ մարդիկ արդեն սովորել են ընտրատեղամաս գնալ եւ քվեարկել փողով, իսկ երբ փողի գործոնը բացակայում է, նրանք ուղղակի կորցնում են հետաքրքրությունը ցանկացած ընտրության նկատմամբ: «Գյուղացիները գիտեն, որ եթե քվեարկություն է, ապա պետք է փող բաժանվի, երբ նրանց ասում ես, որ այս անգամ թեկնածու չկա, որ փող բաժանի, որ սա սահմանադրական հանրաքվե է, ասում են, դե ում որ պետք է թող նա էլ գնա քվեարկի»,- ասաց մեր զրուցակից գյուղապետերից մեկը: Մեր զրուցակիցը իր ղեկավարած գյուղի օրինակով կարծում է, որ թեև «ոչ»-ի կողմնակիցները քիչ են, բայց նրանք ավելի մոտիվացված են. «Նրանք համարում են, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ սա իշխանությունների նախագիծն է, և իրենք էլ դեմ են այս իշխանություններին: Բայց այդպես մտածում է գյուղացիների 5-10 տոկոսը, մնացած մասը ընդհանրապես ոչ դեմ է ուզում քվեարկել, ոչ կողմ»: Արդյոք դա նշանակում է, որ եթե այս անգամ փող չբաժանվի, ապա հանրաքվեն կարող է տապալվել, քանի որ մարդիկ չեն գնա ընտրատեղամասեր: Մեր զրուցակից համայնքապետերն ասացին, որ հանրաքվեն գյուղում կարելի է անցկացնել շատ մեծ հաջողությամբ նաև առանց գյուղացիների մասնակցության: Շատերը հիշում են, որ իրենց գյուղում 2005թ. հանրաքվեն ավարտվել էր նախատեսվածից 4-5 ժամ առաջ: Գյուղապետերից մեկը պատմեց, թե ինչպես է եղել հանրաքվեն 10 տարի առաջ. «Այն ժամանակ նստեցինք հանձնաժողովի անդամներով, նախագահով, բոլոր քվեաթերթիկները մի երկու ժամում գծեցինք, ցուցակները ստորագրեցինք, արձանագրությունը կազմեցինք և քվատուփով, արձանագրություններով ես, հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը գնացինք ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Տեղ հասանք երեկոյան 5-ի կողմերը: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը մեզ տեսավ, սարսափեց, հարցրեց, թե՝ էս ինչ է եղել, ասեցի մեր մոտ վերջացել է: Ասեց այդպիսի բան իրավունք չունեք անելու, մինչև 8-ը պետք է տեղամասը բաց մնա, օրենքով է այդպես: Ես էլ ասեցի, որ մեր գյուղում բոլորը քվեարկել են, բաց մնար ո՞ւմ համար: Ասեց՝ չեմ կարող ընդունել, գնացեք մի տեղ սպասեք, 8-ից հետո կգաք: Ստիպված գնացինք նստեցինք մի կտոր հաց կերանք՝ մինչև այդ 3 ժամը անցավ, նոր բերեցինք հանձնեցինք, վերջացրեցինք: Նույնը հիմա ենք անելու, կարող եմ ասել՝ մի 80 տոկոս «այո» կլինի, 20 տոկոս «ոչ», բայց որ գյուղացիներին հնարավոր չի ընտրատեղամաս բերել՝ դա հաստատ է»:

Նմանատիպ նյութեր