1155 դիտում
20:10 02-11-2015
Գյուղացիներին կտրվեն բացառիկ պայմաններ սեփական արտադրանքը իրացնելու համար. խորհրդակցություն վարչապետի մոտ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին, գյուղատնտեսության բնագավառի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված աշնանացանի ցանքսի և բերքի իրացման հարցերին:
Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը: Գյուղնախարարի տեղեկացմամբ՝ հանրապետության տարածքում արդեն 24,500 հա հերկ է կատարվել, որից 6,700-ի վրա արդեն իրականացվել է ցանքսի աշխատանքներ: այն նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ավելի է շուրջ 2,000 հեկտարով:
Գործադիրի ղեկավարը հորդորել է ժամանակ չկորցնել և առաջիկայում սպասվող եղանակային բարենպաստ պայմաններում հանրապետության թե՛ ցածրադիր, և թե՛ բարձրադիր գոտիներում ակտիվորեն շարունակել հերկի և ցանքսի աշխատանքները: Վարչապետը նշել է նաև, որ ցանքսի հետ միասին անհրաժեշտ է ցանքատարածությունների և դրանց հարակից տարածքներում մոլախոտերի դեմ սրսկման աշխատանքներ իրականացնել՝ հետագայում հակահրդեհային պայքարի միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնելու համար:
«Եթե ժամանակին սրսկումներ իրականացնենք, ապա ավելի քիչ ֆինանսական միջոցներ ու ռեսուրսներ կծախսվեն հակահրդեհային պայքարի միջոցառումների ժամանակ»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ պետք է համալիր միջոցառումներ կազմակերպել նաև մկների և մկնանման կրծողների դեմ պայքարում:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև գարնանացան աշխատանքները խթանելու նպատակով վերջին տարիներին սև ցելի համար կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությանը: Այդ կապակցությամբ՝ վարչապետ Հարությունյանը նշել է, որ հաջորդ տարվանից ավելի արդյունավետ միջոց է ներդրվելու, և սև ցելի փոխարեն կառավարությունն այսուհետ խրախուսելու է ցանքաշրջանառությունը:
«Բացի սև ցելի արդեն կատարված աշխատանքներից, այլևս այդ նպատակով ֆինանսավորում չենք կատարելու: Իսկ ցանքաշրջանառության համար, որպես գարնանացան մշակաբույսեր, հողամշակներին առաջարկվելու է հնդկացորեն, արևածաղիկ, ինչպես նաև՝ անասնակեր որոշ մշակաբույսեր, որոնց վեգետացիոն շրջանը կարճ է, և անջրդի պայմաններում կարելի է լավ բերք ստանալ»,- ասել է վարչապետ Հարությունյանը:
Ա. Հարությունյանը հայտարարել է, որ կառավարությունը հանդես է գալիս ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ, որը նպաստելու է գյուղացու արտադրանքի իրացմանը: «Ստեփանակերտի կենտրորնական շուկայում «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի միջոցներով վարձակալել ենք տաղավարներ, որոնք անվճար հիմունքներով տրամադրվելու են շրջաններին: Այդ տաղավարներում իրենց արտադրած ապրանքները վաճառելու համար՝ գյուղացիներին ապահովելու ենք նաև տրանսպորտով, գիշերակացի և անհրաժեշտ այլ պայմաններով: Իսկ մսի իրացման հարցում նրանց տեղում կօգնեն Հիմնադրամի կողմից վճարվող մսագործները»,- տեղեկացրել է գործադիրի ղեկավարը:
Վերջում վարչապետը, խորհրդակցության մասնակիցների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի կենտրորնական շուկա, տեղում ծանոթացել տաղավարների պայմաններին:
Նմանատիպ նյութեր
1991 դիտում
09:11 28-03-2019
ՀՀ մշտական բնակության եկող անձանց արտոնյալ պայմաններ կտրվեն․ «Ժամանակ»
1101 դիտում
20:09 16-04-2015
Սաուդյան Արաբիան Եմենում իրականցվող գործողություններով պայմաններ է ստեղծում սեփական փլուզման համար. Իրանի ՊՆ
Այս բաժնից
961 դիտում
14:00 20-01-2025
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
703 դիտում
13:49 20-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
427 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան