ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունը՝ շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիեն համատեղ հայտարարություն են տարածել տարածաշրջան կատարած այցի վերաբերյալ: Այս մասին նշված է ԵԱՀԿի պաշտոնական կայքում:
Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ հնչած կրակոցին՝ միջադեպն անվանել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը միտումնավոր խոչընդոտելու փորձ:
Նշվում է, որ կողմերը նախապես պատասխանատվություն էին վերցրել՝ ապահովելու առաքելության կազմի անվտանգությունը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտորդների՝ սահմանը հատելու ժամանակ ադրբեջանական կողմը ավտոմատ հրազենից կրակոց էր արձակել, և համանախագահները ստիպված էին եղել զրահաբաճկոն հագնել:
Այդ կապակցությամբ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր վրդովմունքն էր հայտնել Twitter-ի իր էջում՝ գրելով, որ դա անընդունելի է: