211652_close_icon
views-count2395 դիտում article-date 19:00 16-10-2015

Դա թող լինի իմ ու քո վրեժը ամեն-ամեն ինչի համար

Քաղքենին ունի երկու հիմնական սկզբունք՝ «Ապրել ինչպես բոլորը» և «Մարդ լինել»: Առաջինը բխում է հավասարության արժեքից: Այսինքն, հավասարությունն իրական արժեք դարձնելու համար մարդը պետք է ապրի ինչպես բոլորը: Այս առումով քաղքենու հակապատկերն ու հասարակական թշնամին դուրսպրծուկն է (պատկերավոր ասած՝ ձկան աչքը): Դուրսպրծուկ ասում են ցուցամոլին, որը ձգտում է բոլորից ամեն կերպ տարբերվել, նրա համար բոլորն իրենից անարժան են: Դուրսպրծուկները քաղքենիա-ժողովրդավարական (բուրժուա-դեմոկրատական) հասարակության սկզբունքային ընդդիմությունն են, սկզբունքորեն դեմ են հասարակական հավասարությանը, իրենց երևակայում են թագավոր, ազնվական, կապույտ արյուն: Քաղքենուն դուրսպրծուկ որակելը մահացու վիրավորանք է, քանի քաղքենու համար որ դուրսպրծուկը ամենավատ, ամենազզվելի մարդն է: Բոլորի նման ապրող քաղքենին կարող է ունենալ շատ փող, բայց սկզբունքորեն չանել անիմաստ մեծ ծախսեր: Իսկ դուրսպրծուկը երզում է աղջկա հարսանիքի համար ծախսել սարսափելի մեծ գումար, վարել սոսկալի թանկ ավտոմեքենա, ապրել միլոնանոց առանձնատանը, ծխախոտը հանգցնել ոսկուց մոխրամանում, մի խոսքով՝ ահռելի միջոցներ վատնել իր տարբերությունն ընդգծելու համար: Այս առումով դուրսպրծուկին բնորոշ են մեծամտությունը և գոռոզությունը: Իսկ քաղքենու բնորոշ հատկանիշներն են ժուժկալությունը և համեստությունը: Դուրսպրծուկը մարդասիրությունը համարում է ողորմություն մարդու նկատմամբ, որովհետև իրեն երևակայում է մարդուց մեծ ինչ-որ բան: Ողորմություն բաժանող դուրսպրծուկն անպայման նվաստացնում է ողորմելիին՝ ակնկալելով պարտադիր փառաբանություն: Իսկ քաղքենին իր միջոցների մեծ մասն ուղղում է բարեգործության, հասարակության համար բարիք ստեղծելուն, հասարակությանը ծառայելուն՝ առանց երախտագիտություն ակնկալելու: Մարդը քաղքենու համար բարձրագույն արժեք է: Դա բխում է «Մարդ լինելու» սզկբունքից: Ըստ այդմ, կարևոր չի դու գիտնական ես, թե նախրապան, բժիշկ ես, թե փինաչի, բանվոր ես, թե գործատու, անտուն ես, թե միլիոնատեր, ոստիկան ես, թե գող: Կարևորն է, որ մարդ լինես: Քաղքենու համար մարդասիրությունը հասարակական պարտականություն է, մարդ լինելու կոչման պարտադիր բաղադրիչը: Այսինքն եթե մարդ ես, ապա բնական է, որ կսիրես մարդուն, նրան կվերաբերվես, ինչպես քեզ և ցանկացած իրավիճակում կմտածես ու կվարվես ինչպես մարդը՝ մարդկայնորեն: Դուրսպրծուկն իր անմարդկային-հակահասարակական վարքը հիմնավորում է իր նկատմամբ հասարակության, մարդկանց երբեմնի անտարբերությամբ: Նրան մի ժամանակ չեն սիրել, չեն հարգել, թողել են մենակ, լքված, մերժված: Նա չարացել է, լցվել վրեժխնդրությամբ: Չարացած հոգում ծնվել է երազանք՝ վրեժ լուծել մարդկանցից ու հասարակությունից ամեն-ամեն ինչի համար: Այդպիսի մարդը մեծանալով դարձել է դուրսպրծուկ: Եվ նրա միակ անելիքը բոլորից և ամեն ինչի համար վրեժ լուծելն է: Այդկերպ նա նոր չարություն է ներշնչում իրեն շրջապատող մարդկանց, բուծում նոր դուրսպրծուկներ և լուծում իր տեսակի պահպանման ու պաշտպանության խնդիրը: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր