«911» ծառայության աշխատակիցներին հանձնարարվել է սահմանային գյուղերում զենքը ձեռքին հերթապահություն սահմանել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օգոստոսի երկրորդ կեսից սկսած մինչև սեպտեմբերի վերջը ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում և հրետակոծում էր հայկական դիրքերը, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հրադադարի կնքումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանն այս տարի Հայաստանի սահմանամերձ գյուղերը հրետակոծեց նաև խոշոր տրամաչափի հրետանիով։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով, սահմանային լարվածության աճից հետո ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության «911» ծառայության աշխատակիցներին հանձնարարվել է սահմանային գյուղերում հերթապահություն սահմանել։ Հերթապահություն կատարող փրկարարներին նաև զենք է հատկացվել, քանի որ չի բացառվում, որ հրետակոծությունների հետ միաժամանակ ադրբեջանցի դիվերսանտներ կարող են ներթափանցել թիկունք, ինչպես անցած տարի դա տեղի ունեցավ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով այժմ խնդիրը գտնվում է օրենսդրական կարգավորման փուլում»։