211652_close_icon
views-count1687 դիտում article-date 21:50 14-06-2014

ԵԿՄ-ական անչափահաս աղջիկները հենց այս պահին պատրաստ են զենքը ձեռքին մեկնել սահման և կռիվ տալ, թեկուզ դա լինի իրենց կյանքի վերջին օրը

Այսօր` հունիսի 14-ին, Գեղարքունիքում ուխտագնացության ընթացքում Մանվել Գրիգորյանն այցելեց Գեղամա հանգստյան տուն, որտեղ հանգստանում են ուխտագնացության երիտասարդ ԵԿՄ-ականները, ծանոթացավ նրանց սենյակներին, խոհանոցին եւ անձամբ ճաշեց նրանց հետ՝ ինչպես միշտ՝ չմոռանալով առանձնացնել նահատակված ազատամարտիկների կենացը՝ Վազգեն Սպարապետի գլխավորությամբ, ծնողների եւ երիտասարդ ԵԿՄ-ականների, ովքեր պետք է շարունակեն մեր հաղթանակած ազատամարտիկների կիսատ թողած գործը՝ դառնալով մեր վաղվա անվտանգ օրվա երաշխավորը: Երիտասարդ ԵԿՄ-ականները իրենց հերթին ոգեւորվել էին Մանվել Գրիգորյանի այցով եւ նշեցին, որ նրա հետ ցանկացած հանդիպման ընթացքում հերթական անգամ համոզվում են, որ իրենք ճիշտ ընտրություն են կատարել, քանի որ հզոր եւ հաղթանակած առաջնորդ ունեն: Երիտասարդ ԵԿՄ-ական, Արարատի մարզի Խարբերդի բնակչուհի, 13-ամյա շարքային Ռայիսա Խչոյանը ասաց, որ ինքնուրույն է նման որոշում կայացրել: «Փոքրուց միշտ սիրել եմ զինվորականի կյանքը եւ միշտ ցանկացել եմ զինվոր դառնալ: Ընտանիքում ազատամարտիկներ չենք ունեցել: Սկզբում ծանոթներս համաձայն չէին, բայց համառեցի եւ այսօր այստեղ կանգնած եմ: Թեկուզ հենց այս պահին պատրաստ եմ մեկնել պատերազմի դաշտ եւ զենքը ձեռքիս պահել հայրենի սահմանը: Եթե անգամ իմանամ, որ հենց այդ պահին կզոհվեմ»,- ասաց երիտասարդ ԵԿՄ-ականը: Ազատամարտիկ Հարութ Հարությունյանի քրոջ դուստրն էլ` Աննա Բելոյանը, ասաց, որ քեռին ազատամարտիկ է եղել եւ զոհվել: «Բայց նրա գործերի մասին շատ եմ լսել եւ ես այսօր պատրաստ եմ շարունակել նրա կիսատ թողած գործը: Նրանք մինչեւ վերջ ավարտին չեն կարողացել հասցնել իրենց գործը եւ հավատացած են եղել, որ իրենց ժառանգներն են կիսատ գործը ավարտին հասցնելու: Մենք պետք է իրենց հույսը չկոտրենք, այլ ցույց տանք, որ նրանք իրավացի էին եւ նրանց հոգիներն էլ մեզանով հպարտանան այնպես, ինչպես մենք ենք այսօր հպարտանում նրանցով»,- ասաց նա: Տղաները եւս նշեցին, որ պատրաստ են հենց այս պահին մեկնել սահման եւ պաշտպանել հայրենի հողը եւ մեր հայրենակիցներին: «Մեր մեջ վախ չի ապրում: Դա գալիս է նաեւ նրանից, որ մեր կողքին Մանվել Գրիգորյանի նման զորավարներ են կանգնած»,- ասացին տղաները:

Նմանատիպ նյութեր