211652_close_icon
views-count1146 դիտում article-date 22:32 10-10-2015

«Երախտագիտություն» խորագրով ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաք այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամների հետ միասին ներկա է գտնվել «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Երախտագիտություն» խորագրով ցուցահանդեսը յուրօրինակ երախտիքի խոսք է՝ ուղղված աշխարհի այն քաղաքներին, որոնք գրկաբաց ընդունեցին ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին և հյուրերին ներկայացնելով ցուցանմուշները՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշել են, որ ցուցադրությունում ներկայացված են Ցեղասպանությունից փրկված հայերին օգնության ձեռք մեկնած՝ աշխարհի մի շարք քաղաքների ղեկավարների, քաղաքային իշխանությունների մասին արխիվային նյութեր ու դրանց պատճենները, որոնցում հստակ արտացոլվում է տվյալ քաղաքների հայասերների դիրքորոշումը, ովքեր, հետևելող խղճի ձայնին, դատապարտել են հայերի կոտորածը։ Ծանոթանալով ներկայացված նյութերին՝ պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները նշել են, որ շուրջ մեկ դար անց էլ իրենք ևս հաստատում են իրենց նախնիների դիրքորոշումը և դատապարտում են 1915-ի ոճրագործությունը:

Նմանատիպ նյութեր