211652_close_icon
views-count1684 դիտում article-date 08:08 01-10-2015

«Ինտեր ՌԱՕ»-ն Հայաստանում այլևս սեփականություն չի ունենա. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ տարօրինակ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վաճառքի գործընթացի շուրջ։ ՀԷՑ-ի դեռ ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը իր կայքում տեղադրեց հաղորդագրություն այն մասին, որ սեպտեմբերի 30-ին մոսկվայհաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը և «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ: Գործարքը արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարռթյան կողմից և կավարտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո».– նշված է հաղորդագրության մեջ։ Կարճ ժամանակ անց «Ինտեր ՌԱՕ»-ն չեղյալ հայտարարեց իր այս հաղորդագրությունը և հեռացրեց կայքից։ Ավելի ուշ ճիշտ նույն հաղորդագրությունը հայտնվեց արդեն «Տաշիր» խմբի պաշտոնական կայքէջում ու այլևս չհեռացվեց։ Իսկ արդեն երեկոյան կայքից հեռացված այդ հաղորդագրությունը վերագտավ իր տեղը նաև «Ինտեր ՌԱՕ»–ի կայքում։ Տարածած այս հաղորդագրությունում նշված է, որ գործարքի կողմերն են «Ինտեր ՌԱՕ»–ն և «Տաշիրը»։ Այսինքն ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»–ն վաճառողն է, իսկ «Տաշիրը» գնորդն է Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի գործարք, որում «Տաշիրը» որևէ կարգավիճակով ներառված չէր։ Ըստ կառավարության որոշման, հավանություն էր տրվում «Ինտեր ՌԱՕ»–ի և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքվելիք գործարքին։ Կարելի է ենթադրել, որ հենց այս իրավաբանական անհամապատասխանությունն է եղել պատճառը, որպեսզի «Ինտեր ՌԱՕ»–ն չեղյալ համարի իր հաղորդագրությունը։ Սակայն տարօրինակ է, որ ավելի ուշ հաղորդագրությունը վերականգնվեց, ու նաև «Տաշիրը» տարածեց նույն հաղորդագրությունը։ Սա տալիս է մեկ այլ ենթադրության հիմք։ Ամենևին պետք չէ բացառել, որ «Տաշիր» խումբը ձեռք է բերել հենց «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերը։ Տարածված հաղորդագրության մեջ, ինչպես նկատեցիք, գրված է. «... պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ»։ Հաջորդ նախադասությամբ արդեն հստակեցված է. «Կողմերը նաև համաձայնվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Հրազդանի ՊՇԷԿ» ընկերությունները կշարունակեն կատարել նախկինում ստանձնած պարտավորությանները ամբողջ ծավալով»։ Իսկ սա նշանակում է, որ «Տաշիրը» գնում է ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաև «Հրազդանի ՊՇԷԿ»–ը։ Սա, ըստ էության, նորություն է. նախկինում անգամ ակնարկ չի եղել, որ «Ինտեր ՌԱՕ»–ն վաճառում է նաև իրեն պատկանող «Հրազդանի ՊՇԷԿ»–ը։ Այսպիսով, պետք է արձանագրել, որ «Ինտեր ՌԱՕ»-ն Հայաստանում այլևս սեփականության չի ունենա»։

Նմանատիպ նյութեր