«Ինտեր ՌԱՕ»-ն կարող է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը. Kօmmersant
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատեր հանդիսացող «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը կարող է վաճառել ՀԷՑ-ը՝ այն ազգայնացնելու մասին հայաստանյան իշխանությունների արած հայտարարությունների ֆոնին, գրում է ռուսական Kommersant թերթը:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական հոլդինգն արդեն բանկցություններ է սկսել Ռուսաստանի հայազգի գործարարների, մասնավորապես՝ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:
Տեղեկությունը «Ինտեր ՌԱՕ»-ում հրաժարվել են մեկնաբանել: Հայաստանում «Տաշիր»-ի գրասենյակն էլ նշեց, որ նման տեղեկության չի տիրապետում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։