211652_close_icon
views-count963 դիտում article-date 21:44 25-09-2015

Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վիետնամի արդարադատության նախարարի հետ

Սեպտեմբերի 25-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպեց Վիետնամի արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնի հետ։ Դեսպան Վարդանյանը զրուցակցին համառոտ ներկայացրեց ՀՀ դատական համակարգի գործունեությունը, վերջին տարիներին արդարադատության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ինչպես նաև Հայաստանի աշխատանքը միջազգային դատական կառույցների հետ։ Դեսպան Վարդանյանը, կարևորելով արդարադատության դերը ժողովրդավարության ամրապնդման գործում, նշել է, որ Հայաստանը և Վիետնամն անկասկած կարող են օգտակար լինել միմյանց, հատկապես փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման տեսանկյունից։ Կողմերը երկուստեք կարևորեցին նախարար Հա Հունգ Կուոնի 2015թ.-ի հոկտեմբերի 22-24-ը Հայաստան սպասվելիք այցը՝ ընդգծելով, որ այն լավ հիմք կլինի արդարադատության ոլորտում Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցության սկիզբ դնելու համար։ Նախարար Հա Հունգ Կուոնը շնորհակալություն հայտնեց դեսպան Վարդանյանին դեսպանության հետ արդյունավետ փոխգործակցության և հատկապես իր՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքների իրականացման համար։ Նախարար Հա Հունգ Կուոնի խնդրանքով դեսպան Վարդանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում և Սփյուռքում իրականացված միջոցառումները, այդ թվում՝ այս տարվա ապրիլին Վատիկանում Հռոմի պապի կողմից մատուցած պատարագի կարևորությունը։ Անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին։

Նմանատիպ նյութեր