211652_close_icon
views-count1072 դիտում article-date 11:54 25-09-2015

Ուրոլոգիական գիտաժողովը համախմբեց Հայաստանի և արտերկրի հեղինակավոր մասնագետներին

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 17-րդ տարեկան երկօրյա գիտաժողովը «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ում համախմբեց ԱՊՀ երկրների և ԱՄՆ-ի, համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մասնագետների: Արդեն 17 տարի է, ինչ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան անընդմեջ կազմակերպում է ամենամյա հավաքներ, որոնք վկայում են Հայաստանի ուրոլոգների մասնագիտական որակի, բարձր պատրաստվածության և համախմբվածության մասին: «Պետք է փաստենք, որ այս տարի զարգացման նոր բարձրանիշ ենք վերցրել`: Տարեցտարի փորձի փոխանակման նպատակով նորանոր մասնագետներ են ժամանում Հայաստան»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Հայաստանում ուրոլոգիական ծառայությունը զարգացնելու գործում նա առանձնահատուկ ընդգծեց Սփյուռքի անվանի հայ մասնագետների անգնահատելի դերակատարությունը: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ առաջին անգամ գիտաժողովի մասնակիցներին կտրվեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված պաշտոնական, տեսական և գործնական շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ, որոնք առաջիկայում հավաստագրման կենտրոնի կողմից տրվող մասնագիտական գործունեություն իրականացնելու անհրաժեշտ պայման են հանդիսանալու: Արմեն Մուրադյանի գնահատմամբ` հերթական գիտաժողովը թույլ է տալիս յուրաքանչյուր տարի վերլուծել ողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքը, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները, սահմանել գերակայությունները և ուրվագծել հետագա զարգացման ուղիները: Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիացի նախագահ Արթուր Գրաբսկին նշեց, որ կազմակերպվող տարեկան գիտաժողովներն ամենախոշոր մասնագիտական միջոցառումներն են, որոնք Հայաստանի ուրոլոգներին հնարավորություն են տալիս ծանոթանալ ոլորտի նորարարություններին: «Այս տարի գիտաժողովի շրջանակում տեղի կունենա մոսկովյան ուրոլոգիական դպրոցի դասընթաց, որը նվիրված կլինի ուռուցքաուրոլոգիային և ստորին միզուղիների օրգանների ֆունկցիոնալ խանգարումներին: Լապորոսկոպիկ ուրոլոգիայի քննարկման ժամանակ նախատեսված է վիրահատության փուլերի ուղիղ հեռարձակում: Ռեզիդենտների և երիտասարդ ուրոլոգների համար առաջին անգամ կանցկացվի նաև լապորոսկոպիկ ուրոլոգիայի դասընթաց»,- նշեց կառույցի ղեկավարը: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Իվան Աղաջանյանը իր ելույթում նկատեց, որ ուրոլոգիան շնորհիվ արտերկրի գործընկերների հետ ակտիվ համագործակցության, փորձի փոխանակման վերջին տարիներին մեր երկրում սրընթաց վերելք է ապրել: Գիտաժողովի ընթացքում քննարկվող թեմաների շրջանակն ընդգրկուն է: Դրանք վերաբերվում են ժամանակակից գործնական ուրոլոգիայի գիտական և տեսական լուծումներ պահանջող արդիական մի շարք խնդիրների: Հիմնադրման առաջին իսկ պահից Հայկական ուրոլոգիական ասոցիացիան ընտրել է համաշխարային առաջադեմ ուրոլոգիական կազմակերպությունների հետ մասնագիտական ինտեգրացման ուղին: Մասնակիցների խոսքով` Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 17-րդ գիտաժողովը ամենամյա մասնագիտական ամենալուրջ ստուգատեսն է, թե՛ անհատ մասնագետ ուրոլոգների, թե՛ Հայաստանի ուրոլոգիական համայնքի համար: Նշենք, որ գիտաժողովն այս տարի անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում:

Նմանատիպ նյութեր