211652_close_icon
views-count1914 դիտում article-date 20:52 30-01-2016

Գիտաժողովը համախմբել էր առողջապահության ոլորտի մասնագետներին

Երևանում անցկացվել է «Հղիության կրելախախտ. միջգիտակարգային խնդիր» գիտագործնական միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Հայաստանում ինքնաբերաբար վիժումներով պայմանավորված հղիությունների ընդհատումների առկա իրավիճակի վերլուծությանը, ախտորոշման և բուժման բարելավման նպատակով ուղեցույցների մշակմանը: Գիտագործնական քննարկմանը մասնակցել են Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Թոխունցը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, ՌԴ մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Վիկտոր Ռադզինսկին, առողջապահության ոլորտի մասնագետներև: Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թոխունցը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ ծննդօգնության և վերարտադրողական առողջության խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: «Այս կոնֆերանսը կազմակերպվել է ի կատարումն առողջապահության նախարարի հանձնարարականի՝ նվազեցնել ինքնաբերաբար վիժումների քանակը: Մանկաբարձությունում որոշումները մեծապես պայմանավորված են գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքներից, և այդպիսով խնդիր ունեն մշակելու միասնական գործելակերպ»,- ընդգծել է Կարինե Թոխունցը: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշել է, որ կրկնակի նվազել են մայրական, նորածնային մահացության, ինչպես նաև անպտղության ցուցանիշները: Էականորեն նվազել են նաև հղիության արհեստական ընդհատումների դեպքերը: «Կան որոշ խնդիրներ, որոնք առավել խորը ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն: Այդ խնդիրներից են հղիության կրելախախտը, վաղաժամ ծննդաբարությունները»,-նշել է Ռազմիկ Աբրահամյանը: Ըստ նրա, գիտաժողովի անցկացումը՝ նաև աշխարհում հայտնի պրոֆեսոր Վ. Ռադզինկիի մասնակցությամբ, միտված է հենց այդ հիմնախնդիրների հաղթահարմանը, կանխարգելմանը, այդ համատեքստում փորձի փոխանակմանը:

Նմանատիպ նյութեր