211652_close_icon
views-count3948 դիտում article-date 18:56 14-09-2015

Հուսահատությունը այլևս մահացու հիվանդություն չէ

Հուսահատությունը գալիս է այն պահին, երբ աշխարհի, երևույթների մասին ունեցած գիտելիքները, փորձը թույլ չեն տալիս լուծել կենսական, օրակարգային խնդիրները: Հույսը մահանում է այն ժամանակ, երբ մարդը դադարում է հավատալ, որ կարողանալու է դուրս գալ ստեղծված իրավիճակից, հաջողության հասնել, լուծել իր խնդիրները, հաղթել: Իսկ երբ մարդը կորցնում է հավատը, կտրվում է կապը նրա հոգու և Բարձրյալի միջև: Այդ կապի կտրվածությունն ի մահ հիվանդություն է համարվել, քանի որ հոգու միակ սնունդը Աստծո հետ կապն է, որի կտրվելուց հետո հոգին, ըստ էության, չի կառավարում մարմինը, և մարդը սկսում է մահանալ: Մահանալու ընթացքը կարող է տևել շաբաթներ, ամիսներ և նունիսկ տարիներ: Հուսահատության մեջ մարդն ամբողջովին սևեռվում է մարմնական խնդիրների վրա և փորձում պայքարել դրանց դեմ, այնինչ այդ պայքարն ի սկզբանե տանուլ է տրված, որովհետև հոգու կապը կտրվել է և նա այլևս չի սնուցում մարմինը, չի ապրեցնում: Աշխարհիկ կատեգորիաներով գնահատելիս նույնպես հուսահատությունը կարող է հասցնել մահվան: Այսպես, խորացող սոցիալ-տնտեսական ընկճվածության պայմաններում հուսահատության մեջ ապրում է մարդկանց մեծ մասը, որոնք ոչ թե ապրում, այլ դանդաղ մահանում են, իսկ առկա հույսերը մեծ մասամբ իռացիոնալ են, կապ չունեն իրականության հետ: Այդ իռացիոնալ հույսերը լցված են վերացական կերպարներով և մտացածին ընթացքներով: Եվ իռացիոնալ հույսերը օրինաչափորեն հասցնում են խելագարության, ինչն էլ իր հերթին՝ մահվան: Կիրառական հոգեբանները, սակայն, տրամագծորեն հակառակ կարծիքի են: Նրանք ժխտում են վերը թվարկված պնդումները, ինչպես նաև Սյորեն Կերկեգորի նշանակալի հոդվածում բերված գնահատականներն ու եզրակացությունները համարում են ոչ իրական: Իրականում հուսահատությունը ոչ միայն չի տանում մահվան, այլ մեծ խթան է հանդիսանում հետագա կյանքի համար: Հոբի մասին առակում Աստված Հոբի հետ զրուցում է այն բանից հետո, երբ Հոբը հուսահատվում է: Ճիշտ է, Հոբին նոր շնորհներ է տալիս և նրա նոր հաջողություններն ու նախաձեռնությունները հովանավորում է Աստված, սակայն չի կարելի անտեսել, որ այդ նոր ճանապարհի սկզբում Հոբը հուսահատվում է: Այսինքն, եթե կարելի է հուսահատությունը համարել կյանքի վերջը, ապա նույն հաջողությամբ կարելի է համարել նոր կյանքի սկիզբը: Երբեմն մարդը, տուրք տալով հասարակական կարծիքին, սեփական վախերին և նախապաշարմունքներին, չի կարողանում գնահատել իր ընդունակությունները և հնարավորությունները: Այդ ժամանակ նրան բոլորովին նոր, դեռ չփորձված նախաձեռնությունների և գործերի կարող է մղել հուսահատությունը, որովհետև հուսահատվող մարդը կոտրում է կարծրատիպերը, սպանում է իր վախերը և համարձակորեն նետվում դեպի նոր, անծանոթ աշխարհ: Այնպես որ, հուսահատությունը ինչքան մահացու, նույնքան էլ վերածնող էֆեկտ ունի, որը նեղացնել և տեղավորել միայն ի մահ հիվանդության շրջանակում, ճիշտ չէ: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր