211652_close_icon

«Իրական Հայաստան» հայեցակարգը ցանկապատ «դնելու» մասին է, և ոչ միայն սահմանների վրա, այլև՝ հանրային խոսքի. Անանյան

views-count1111 դիտում article-date 11:51 15-09-2025
«Իրական Հայաստան» հայեցակարգը ցանկապատ «դնելու» մասին է, և ոչ միայն սահմանների վրա, այլև՝ հանրային խոսքի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ, ՀանդԱրտ կատարողական այգում, երբ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի բեմադրմամբ «Ցանկապատ» ներկայացումը ավարտվեց և հանդիսատեսը ոտքի կանգնեց ծափողջույններ շռայլելու համար, հանդիսատեսներից մեկը ճեղքեց աղմուկն ու սկսեց խոսել․ «Ո՞րն է ձեր ուղերձը», հետաքրքրվեց նա, այնուհետև շարունակեց․ «Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ, ոչ թե քանդել այն… երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանը ոտքի տակ է հայտնվում»։

Ահա այսպես վերցրեց խոսքը Նիկոլ Փաշինյանը, և, ըստ էության, ներկայացումից հետո արվեստի դաշտը դարձրեց գաղափարախոսական թատրոն: Սա շատ ավելին է, քան պարզապես փորձ հասկանալ արվեստի ուղերձը։ Սա ակնհայտ ազդանշան է, որ «Իրական Հայաստան» հայեցակարգը ցանկապատ «դնելու» մասին է, և ոչ միայն սահմանների վրա, այլև հանրային խոսքի, մշակույթի, հիշողության վրա։ Այն չի մնում գաղափարախոսական քննարկման դաշտում՝ այն ուզում է դառնալ սոցիալական պայման:

Այս ամենն անշուշտ քաղաքական հաշվարկ է։ «Ցանկապատ»-ի ավարտից հետո նրա ուղերձը ենթադրում է, որ «Իրական Հայաստան»-ը չի սահմանափակվելու նոր իրավակարգավորումներով, սահմաններով, խորհրդանիշների վերացմամբ, այն այլևս մտնում է մշակույթի, կերպարների, խոսքի վերահսկողության ոլորտը:

Սեպտեմբերի 20-ի համագումարը մոտ է: Սպասվում է, որ «Իրական Հայաստան» հայեցակարգը կընդունվի որպես կանգառ, որպես քարոզարշավի գաղափարախոսական հենարան որտեղ սահմանները, իշխանության ձևերը, հանրային խորհրդանիշները դեռ թեմաներ են լինելու:

Կարևոր է, որ մենք բոլորս խելամիտ արձագանքելու և գործուն միջամտելու մեր ունակությունն ու կարողությունը չկորցնենք։ Չմոռանանք, որ նույնիսկ սահմանների մեջ, նույնիսկ «իրական» օրակարգի պայմաններում, «Նվիրական Երկիրը» ոչ միայն պահպանելի է, այլև՝ մեր ուղեցույցը մնալու այլընտրանք չունի»:

Նմանատիպ նյութեր