211652_close_icon
views-count2874 դիտում article-date 15:34 08-09-2015

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. այսօր մրցասպարեզ դուրս կգան եվս 4 հայ ըմբիշ, հայտնի են նրանց մրցակիցները

Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը արդեն ունի մեկ ոսկե մեդալ: Հիշեցնենք, որ 98կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը: Առաջնության երկրորդ օրը այսօր մրցասպարեզ դուրս կգան 59, 71, 80 և 130 կգ քաշային կարգում Հայաստանի ըմբիշները: Նրանցից կարևորը օլիմպիական վարկանիշ տվող 59 կգ քաշայինների մրցելույթներն են, մասնավորապես Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանի հնարավորությունները: Սա այն քաշային կարգն է, որտեղ կան մի քանի ուժեղ ըմբիշներ և ընդգծված առաջատար, աշխարհի բազմակի չեմպիոն՝ իրանցի Սորյանը: Ամոյանը որակավորման փուլում հանդիպելու է մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ, ով բավականաչափ ուժեղ ըմբիշ է: Նրան հաղթելու դեպքում մեր ըմբիշը կմրցի ուզբեկ Էլմուրատ Թասմուրադով և մեքսիկացի Ալի Սոտո Մացիաս զույգի հաղթողի հետ: Դրանից հետո Ամոյանը արդեն կարող է բախվել անցած տարվա աշխարհի չեմպիոն բուլղարացի Անգելովի, Ստեփան Մարյանյանի և այլ հնարավոր ուժեղ ըմբիշների: Ամոյանին շատ դժվար պայքար է սպասվում մեդալների և օլիմպիական ուղեգրի համար: Այսօրվա մյուս օլիմպիական քաշը, գերծանր՝ 130 կգ-ն է: Այստեղ մեր երկիրը ներկայացնելու է Էդգար Խաչատրյանը: Նա առաջին փուլում հանդիպելու է Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Էդուարդ Սողոմոնյանի հետ: Բրազիլիայի չեմպիոնին հաղթելու դեպքում Խա չատրյանը կհանդիպի Էդգարդո Խուան Լոպես Մոռել (Պուերտո Ռիկո) և Մուրատ Ռամոնով (Ղրղզստան) զույգի հաղթողի հետ: Ոչ օլիմպիական 71 կգ քաշային կարգում մեդալների համար մղվող պայքարին կարող է միանալ անցած տարվա աշխարհի առաջնության կիսաեզրափակչի մասնակից Վարշամ Բորանյանը: Նա առաջին փուլում մրցելու է կորեացի Ջեոնգեոն Լիի հետ: Իսկ հաղթանակի դեպքում կմրցի Եգիպտոսի կամ Ղրղստանի ներկայացուցիչներից մեկի հետ: 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Էդուարդ Սարգսյանը, ով առաջին անգամ է մասնակցելու աշխարհի առաջնության: Նա իր մեկնարկային գոտեմարտում կհանդիպի ավստրիացի Միչել Վագների հետ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Նմանատիպ նյութեր