Ներգաղթյալների պատճառով Ֆրանսիայի և Հունգարիայի արտգործնախարարները քննադատություններ են հնչեցրել միմյանց հասցեին
Հունգարիայի և Ֆրանսիայի իշխանությունները քննադատական արտահայտություններ են ուղղել իրար՝ Հունգարիայի և Սերբիայի պետական սահմանին անօրինական ներգաղթյալների հոսքը կասեցնելու նպատակով կառուցված փշալարե արգելապատնեշի պատճառով, հաղորդում է BBC-ն:
Օգոստոսի 29-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ արգելապատնեշի կառուցումը հակասում է ընդհանուր եվրոպական արժեքներին և չպետք է կիրառվի նույնիսկ կենդանիների դեմ:
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն էլ իր հերթին այդ մեղադրանքները անվանել է անհիմն ու ապշեցնող: Նրա խոսքով՝ եվրոպական պետությունները պետք է միասին աշխատեն, որպեսզի լուծեն ճգնաժամը, այլ ոչ քննադատեն միմյանց:
Սիյարտոն պարզաբանման համար իր մոտ է հրավիրել Հունգարիայում Ֆրանսիայի դեսպանին: