33741 դիտում
09:55 23-07-2015
Խոշոր ավտովթար Դիլիջանի ոլորանում. 56-ամյա վարորդը Mitsubishi-ով կողաշրջվելով՝ հայտնվել է սեփական տան բակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 90 MM 505 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 56-ամյա Հովհաննես Հարությունյանը Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս Դիլիջանի 1-ին ոլորանում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև՝ սեփական տան բետոնե ցանկապատին և կողաշրջվելով՝ հայտնվել տան բակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Հարությունյանն ու նրա ուղևորներ՝ 33-ամյա Արթուր Հարությունյանը և 56-ամյա Սուսաննա Հարությունյանը քաղաքացիների, հիմնականում՝ ում տան բակում որ հայտնվել է մեքենան, այդ տան բնակիչների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Մարատ Ալիխանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներն ու ոստիկանները հոսանքազրկեցին ավտոմեքենան և մեծ դժվարությամբ այն դուրս բերեցին և քարշակով տեղափոխեցին համապատասխան վայր:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդան Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է 5 հոգի, սակայն 3 հոգին ընդհանրապես չեն տուժել, իսկ հիվանդանոցից էլ ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները վերադառնալիս են եղել Բաթումիից:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+