211652_close_icon
views-count104129 դիտում article-date 12:00 10-07-2015

Ոստիկանությունը տաք հետքերով բացահայտեց 38.000 ԱՄՆ դոլարի ավազակային հարձակումը. կատարողների մեջ էր քրեական անցյալով հարուստ հայտնի «Ալավերդյանցի Կոկոն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են երեկ՝ հուլիսի 9-ին, Երևանի Կենտրոն վարչական տարածքում խոշոր չափի ավազակային հարձակում կատարած անձանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Սարյան և Պուշկին փողոցների խաչմերուկում 3 հոգի հարձակվել են Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արեգ Ջրբաշյանի վրա, ծեծի ենթարկել նրան, այնուհետ հափշտակել նրա պայուսակը, որի մեջ եղել է 38,000 ԱՄՆ դոլար, որից հետո Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ա. Ջրբաշյանը աջ և ձախ ձեռքերի կոտրվածքներ, աջ աչքի շրջանում արյունազեղում ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդանոց է մեկնում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով: Արդեն լուսաբացին ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստանում, որ նշված Mercedes-ը ուղևորություն է վերցրել Իսակովի պողոտա: Հասնելով Իսակովի պողոտա՝ այնտեղ հայտնաբերում են վթարված Mercedes-ը, որը բախվել էր մեկ այլ տաքսի ավտոմեքենայի, որից հետո ստահակները Mercedes-ը թողնելով վթարի վայրում՝ հեռացել են: Անմիջապես ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական գործողություններ և ստանում են օպերատիվ տվյալներ, որ ավազակային հարձակում կատարողները գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում, ովքեր այնտեղ են մեկնել Range Rover մակնիշի 07 ՏZ 777 համարանիշի ավտոմեքենայով: Արդեն «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում քրեական հետախուզության աշխատակիցները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալում են 25-ամյա Կոնստանտին Հունանյանին, 24-ամյա Աշոտ Կարինյանին և 25-ամյա Վաչագան Գեղամյանին: Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև գողոնը, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում նրանց մոտ հայտնաբերվում են դիմակներ, ռետինե մահակներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հունանյանը քրեական անցյալով հարուստ հայտնի Ալավերդյանցի Կոկոն է: Այս պահին նշված անձինք գտնվում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման ժամանակավոր վայրում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկված Ա. Ջրբաշյանը իրավապահներին հայտնել է, որ «Տոտո» բուքմեյքերական կենտրոնում շահում է 38.000 ԱՄՆ դոլարը: Քննության ընթացքում պարզվելու է, թե արդյո՞ք «Տոտո»-ում է գումարը շահել Ա. Ջրբաշյանը, իսկ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում ոչ մի նման խոշոր չափի շահումներ «Տոտո»-ի գրասենյակներում չեն ունեցել, հետևաբար, չի բացառվում, որ Ա. Ջրբաշյանը գումարն իր մոտ լինելու պահով փորձում է մոլորեցնել իրավապահներին: Նա նաև հայտնել էր, թե կենտրոնական գրասենյակից ստանում է շահած գումարը և Սարյան և Պուշկին փողոցների վրա գտնվող տարադրամի փոխանակման կետում դրամը դոլար է սարքում և դուրս գալով տարադրամի փոխանակման կետից՝ փողոցում նրան են մոտենում այս 3 անձինք և հայտնում, որ իբրև նա ինչ-որ աղջկա նեղացրել է, որից հետո ծեծի են ենթարկում ու հափշտակում նրա մոտ եղած 38.000 ԱՄՆ դոլարը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հանցագործության բացահայտման և հանցագործներին վնասազերծելու օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունները ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Երևան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, Կենտրոնական բաժնի ոստիկանության պետ Արտակ Պողոսյանը և Կենտրանական քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանը, որոնց կատարած ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտվեց: Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Mercedes-ն ու Range Rover-ը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր