211652_close_icon

Արամ Ա. Թուրքիայի ՍԴ ներկայացված հայցը մի կտոր հող վերադարձնելուն միտված մասնավոր դատ չէ

views-count1286 դիտում article-date 22:14 20-06-2015
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցի նպատակը հստակ է՝ վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանը: Այս նպատակն իրագործելու համար սկզբունքային 2 մոտեցում է ընդգծված՝ կաթողիկոսարանի կալվածքի վերադարձ և այնտեղ կրոնական արարողություն կատարելու իրավունքի վերահաստատում, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի խորհրդարանում հունիսի 19-ին մեկնարկած «Արդարություն և հետևանքների փոխհատուցում հայ ժողովրդին» միջազգային գիտաժողովի բացմանը, տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքը: Վեհափառն ընդգծել է, որ կենսական կարևոր է հատկապես 2-րդ կետը և մի քանի պատճառով: Նախ՝ կրոնական պաշտամունքի իրավունքի վերահաստատումն արդեն իսկ ենթադրում է կաթողիկոսարանի կալվածքի վերադարձը, իսկ փոքրամասնությունների կրոնական պաշտամունքի իրավունքներին անդրադարձ կա Լոզանի պայմանագրում: Եվ վերջապես՝ կրոնի և խղճի ազատության հարցերում հատկապես զգայուն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: «Սովորական դատ չէ մեր դատը, ոչ էլ՝ մի կտոր հող վերադարձնելուն միտված մասնավոր դատ: Նկատի ունենալով Կիլիկիո Կաթողիկոսարանի կրոնական, ազգային ու քաղաքական իմաստը և ունեցած խորհրդանշական մեծ կարևորությունը՝ մենք ուզեցինք այն նկատի առնել որպես մեր եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքների վերադարձի պահանջի առաջին հանգրվան: Մեր մոտեցման մեջ ռազմավարական ու մարտավարական տվյալները, առկա իրավական ու քաղաքական խոչընդոտներն առավելագույն չափով ուսումնասիրված են մասնագետներից կազմված հանձնախմբի կողմից: Հավատում ենք, որ իրավական այս քայլը նոր ուժ պիտի տա մեր պահանջատիրությանը՝ բացելով նոր հորիզոններ», – ասել է Արամ Ա կաթողիկոսը: Կարևորելով Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նա, իր դասախոսությունը ներկայացնելիս, կոչ է արել առաջնահերթություն տալ պահանջատիրությանն ու հատուցմանը: Մեջբերումներ կատարելով միջազգային իրավունքի մի շարք փաստաթղթերից՝ Վեհափառ Հայրապետն ընդգծել է հատուցման հրամայականը, ապա, անդրադառնալով 2012-ի փետրվարին Անթիլիասի մայրավանքում կայացած միջազգային գիտաժողովի արդյունքներին, ուրվագծել է հատկապես եկեղեցապատկան և ազգապատկան կալվածքների վերադարձին առնչվող որոշ հնարավորություններ և դժվարություններ:

Նմանատիպ նյութեր