Երեւանում աշխատանքն է սկսել ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը
Հունիսի 18-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ աշխատանքն է սկսել Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով: Սեմինարը վարել է ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նա ողջունել է Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարի մասնակիցներին: Կորյուն Նահապետյանը զորակցություն է հայտնել օրերս Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքով զոհվածների եւ տուժածների ընտանիքներին: Նա բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակը, որի հիմքում 21 տարի առաջ սկիզբ առած գործընկերություն հանուն խաղաղության ծրագիրն է: Կորյուն Նահապետյանն ընդգծել է ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ակտիվ մասնակցությունը` վեհաժողովի նստաշրջաններին, հանձնաժողովների նիստերին, Ոոուզ-Ռոթ սեմինարներին, որոնց ընթացքում պատգամավորներն իրենց հարցադրումներով եւ նկատառումներով անդրադառնում են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին եւ հիմնախնդիրներին:
Ըստ նրա՝ Հայաստանի պատվիրակությունն իր ավանդն է բերում եվրանտլանտյան համայնքում համատեղ արժեքների ամրապնդման գործում եւ շարունակելու է հետեւողական ջանքեր գործադրել համամարդկային արժեքներին համահունչ կայուն եւ հավասակշռված անվտանգության միջավայրի խթանմանը: