211652_close_icon
views-count1444 դիտում article-date 22:23 19-06-2015

Շարունակվել է ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը

Հունիսի 19-ին աշխատանքն է շարունակել ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարը: Նիստը վարել է ՆԱՏՕ ԽՎ-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի գլխավոր զեկուցող Ժուլիո Միրանդա Կալհան: Քննարկումների առանցքում եղել է «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը» թեման, որի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նա ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը եւ կատարված քայլերը: Պարոն Հովակիմյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն խրախուսում է մասնակից երկրներին զերծ մնալ ուժի կիրառումից՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնակարգը եւ հետեւելով Հելսինկյան ակտի սկզբունքներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներդրում են ունեցել բանակցային գործընթացի ամրապնդման եւ հետագա պահպանման ուղղությամբ: Փոխնախարարը, անդրադառնալով մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը, նշել է, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել մադրիդյան սկզբունքները՝ փաստաթուղթն անիրական համարելով եւ սխալ մեկնաբանելով դրա բովանդակությունը: Համանախագահները շեշտը դրել են երեք հիմնական սկզբունքների վրա՝ ուժի գործադրման բացառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունքի իրացում: Փոխնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը մերժել է ԼՂ հակամարտությանը վերաբերող բոլոր հիմնական սկզբունքները, որոնք առաջարկվել են համանախագահների կողմից: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես աջակցել է փոխվստահությանու անվտանգության միջոցառումների իրականացմանը, որոնք կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունների համար: ԱԳ փոխնախարարը կարծիք է հայտնել, որ հայկական կողմը համամիտ է համանախագահների այն տեսակետի հետ, որ ուժի գործադրումը չի կարող հակամարտությունը որեւէ կերպ լուծել եւ անհրաժեշտ է համատեղ հնարավորություններ ստեղծել հիմնահարցի կարգավորման համար: «Այն պահին, երբ Ադրբեջանի իշխանությունները դա հասկանան, հակամարտությունը կկարգավորվի»,- ասել է պարոն Հովակիմյանը: Պարոն Հովակիմյանի ելույթին հաջորդել է ՄԹ «Չեթամ հաուսի» Ռուսաստան եւ Եվրասիա ծրագրի գիտաշխատող Զաուր Շիրիեւի ելույթը: Նրա գնահատմամբ՝ Մինսկի խմբի համանախագահությանն այլընտրանք չկա, քանի որ այն միակ ձեւաչափն է, որը, չնայած տարաբնույթ մեկնաբանություններին, իրականացնում է իր աշխատանքը: Պարոն Շիրիեւն ընդգծել է, որ երկու կողմերի միջեւ ձեռք բերված բանավոր համաձայնությունները պետք է վերածվեն շրջանակային համաձայնագրի, որը կարող է հանդիսանալ կողմերի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումն ապահովող հիմնարար փաստաթուղթ: Բանախոսը, անդրադառնալով Մինսկի խմբի ընդլայնմանը, նշել է, որ խոսքը վերաբերում է Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխմանը: Նա նշել է, որ այսօր բանակցությունների ժամանակացույցը պարզ չէ, եթե այն առավել հստակ լիներ, կօգներ կողմերին առավել հաճախ հանդիպել, քննարկումներ ծավալել եւ համաձայնություններ ձեռք բերել:

Նմանատիպ նյութեր