Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ
Հունիսի 16-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիայի հետ:
Ողջունելով դեսպան Թումանյանին` նախարար Թայեբնիան բարձր գնահատեց Հայաստանի և Իրանի միջև դարերի ընթացքում ձևավորված բարիդրացիական հարաբերությունները և ընդգծեց, որ պետք է օգտվել առկա հնարավորություններից և կարողություններից` բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու համար` հավելելով, որ երկու երկրների միջև որևէ խոչընդոտ գոյություն չունի:
Իր հերթին դեսպան Թումանյանը նույնպես գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև բարեկամական և փոխշահավետ հարաբերություններից և կարևորեց երկկողմ տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու և այդ ուղղությամբ համատեղ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: