211652_close_icon
views-count686 դիտում article-date 19:00 10-06-2015

Արցախի վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին նորընտիր Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրել է կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը: Վարչապետի ելույթի տեքստը կցվում է ստորև: «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ պատգամավորներ, ԼՂՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն` նոր Ազգային ժողովի ձևավորումից հետո կառավարությունը խորհրդարանի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` դնելով գործադիրի վստահության հարցը: Կառավարությունը 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը մշակել է՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության, Նախագահի նախընտրական ծրագրի դրույթները և Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները՝ հիմքում ունենալով իր՝ 2012-2017 թթ. գործունեության ծրագիրը: Ա՛րդ, կուզենայի ձեզ ներկայացված ծրագրի վերաբերյալ կատարել որոշ շեշտադրումներ: Հարգելի՛ պատգամավորներ, սույն ծրագիրը նախորդի տրամաբանական շարունակությունն է, որով հռչակված գերակայությունները մնում են կառավարության առաջիկա տարիների գործունեության թիրախները: Արցախի ներքին և արտաքին անվտանգության ապահովումը, տնտեսական կայուն զարգացման հիման վրա բնակչության կենսամակարդակի բարձրացումը մեր գերակա նպատակներն են, որոնց կյանքի կոչմանն ուղղված իր գործունեությունը կառավարությունը ծրագրել է՝ հաշվի առնելով հանրապետության ներքին ու արտաքին միջավայրի ներկա ու ակնկալվող զարգացումները: Նախորդ տարիների ձեռքբերումների զարգացմանը և քաղաքական, տնտեսական, սոցիալական ու կառավարման համակարգերի բարեփոխումների իրականացմանը միտված գործունեությամբ կառավարությունը շարունակելու է Արցախի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված պետության հիմնական խնդիրների ապահովման իր առաքելության իրականացումը՝ երաշխավորելով հանրապետությունում կյանքի որակի էական բարելավում:

Նմանատիպ նյութեր