Լարված իրավիճակ Երևանում. Ադանայի փողոցի բնակիչները պայքարում են «ջրհեղեղի» դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Ադանայի փողոցի բնակիչներն ահազանգել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իրենց տները ջուր է լցվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Մարգարիտա Մանուկյանի գլխավորությամբ:
Բնակիչները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ արդեն 20 օր է՝ ինչ-որ անհայտ կազմակերպության աշխատակիցներ իրենց փողոցում կատարում են քանդման և ջրագծերի փոփոխման աշխատանքներ:
Երեկ, երբ հերթական փորման աշխատանքն է կատարվել, վնասել են ջրատար խողովակը և կոյուղագիծը ու այդպես թողնելով՝ հեռացել են: Ջուրը հոսել է և արդեն ժամը 22:40-ի սահմաններում լցվել է Բենգլյանների ընտանիքի թիվ 61 տան նկուղը և Պետրոսյանների 61 ա տան ննջասենյակը:
Նշված տների բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ իրենց տները անփութության հետևանքով քանդվում է, իսկ քանդողներից ոչ մեկ չի ժամանում և շնորհակալ են փրկարարներին, որ օպերատիվորեն ժամանել են և արձանագրել են այդ սարսափելի իրավիճակը:
Բնակիչները հույս ունեն, որ Երևանի քաղաքապետարանը կարձագանքի հրապարակմանը և ջրհեղեղը ստեղծած կազմակերպությունը կփոխհատուցի պատճառած վնասը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի