211652_close_icon
views-count1138 դիտում article-date 17:53 08-06-2015

Երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել տեսակցության այցելել սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն հինգերորդ անգամ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել տեսակցության այցելել սահմանամերձ զորամասերում ժամկետային ծառայություն անցնող իրենց զավակներին: Հերթական այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ զորամասեր են մեկնել ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Ավանդույթի համաձայն ծնողներին ճանապարհել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը: Այս անգամ էլ, ինչպես նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, Երևանի քաղաքապետարանը հոգացել էր, որ ճանապարհին ծնողները որևէ հոգս չունենան: Բարձրակարգ ավտոբուսների շարասյանը ճանապարհի ամբողջ երկայնքով ուղեկցել է ճանապարհային ոստիկանությունը: Ավտոբուսներից յուրաքանչյուրում նաև բժիշկներ են եղել: Նախքան զինվոր որդիներին հանդիպելը, ծրագրի շրջանակում ինքնաբուխ ձևավորված ավանդույթի համաձայն, ծնողները նախ եղան Շուշիում, ուր Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մոմեր վառեցին և աղոթք հղեցին առ Աստված՝ հանուն երկրի խաղաղության, իրենց որդիների առողջության ու անփորձանք ծառայության: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ Տեր Անդրեաս Թավադյանը, առիթն օգտագործելով, իր օրհնանքը փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ այս նախաձեռնության համար: Այցելած բոլոր զորամասերում ծնողների համար հատուկ ընդունելություն էր կազմակերպվել՝ ավանդական աղ ու հացով, զինվորական նվագախմբով ու տողանով: Զորամասերում ծնողները նաև ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորները հանդիսավոր պայմաններում պարգևատրվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով, իսկ որոշ սպաներ՝ Երևանի քաղաքապետարանի զինանշանով ժամացույցներով: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է նաև անհրաժեշտ տեխնիկա: Այն զինվորներին, որոնց ծննդյան օրը համընկել էր այցելությանը, հաճելի անակընկալ էր սպասվում. Երևանի քաղաքապետի կողմից նրանց հատուկ նվերներ փոխանցվեցին: Հուզիչ անակնկալ էր սպասվում նաև այն զինվորներին, ովքեր մայրաքաղաքում հարսնացու ունեին. քաղաքապետի հանձնարարությամբ նաև հարսնացուներն էին այցելել զորամասեր, ուր և հանդիպեցին իրենց զինվոր նշանածների հետ ու նրանցից փափուկ խաղալիքների տեսքով նվերներ ստացան: Հրամանատարությունը զինծառայողների ծնողներին հնարավորություն է ընձեռել շրջել զորամասերում, ծանոթանալ իրենց զավակների ծառայության պայմաններին: Ցանկացողները եղել են նաև ճաշարաններում, ծանոթացել ճաշացանկին: Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝ ինչպես զինծառայողների ծնողները, այնպես էլ իրենք՝ զինծառայողները, իրենց երախտագիտությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին`պարբերաբար ցուցաբերվող ուշադրության և վերաբերմունքի համար: Այցելության ծրագրում ընդգրկված բոլոր զորամասերի հրամանատարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը ոչ միայն սոցիալական, այլև բարոյահոգեբանական շատ կարևոր նշանակություն ունի և իր նպաստն է բերում բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման գործին:

Նմանատիպ նյութեր