211652_close_icon
views-count575 դիտում article-date 15:18 27-05-2015

Չեխիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Մայիսի 25-ին Պրահայի Սուրբ Սիմոնի և Սուրբ Հուդայի եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Լույս ի լուսո» հատուկ համերգը՝ Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Համերգը կազմակերպել էր Չեխիայում ՀՀ դեսպանությունը՝ Չեխիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող «Ապրիլ-24» կոմիտեի աջակցությամբ և «Կարդինալ» սրահի, «Գեներալ» հյուրանոցի, «Արաքս» ընկերության և հայ համայնքի ներկայացուցիչների հովանավորությամբ: Համերգին ներկա էին Չեխիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, պատգամավորներ, կառավարության և նախագահի աշխատակազմի աշխատակիցներ, երաժտական հաստատությունների, նվագախմբերի ղեկավարներ, երաժշտագետներ, լրագրողներ, Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: «Լույս ի լուսո»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Այդ նոր երաժշտական նախաձեռնությունը նորովի մեկնաբանում է 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտությունը: Երգացանկում ներառված էին Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: Նախագիծը հայկական հոգևոր երաժշտության մի յուրովի ներկայացում է, որի միջոցով երաժիշտներն իրենց երախտագիտությունն են հայտնում դրա հիմնադիրներին` հնչեցնելով նրանց աշխատանքները աշխարհի հին եկեղեցիներում և վանքերում, որտեղից էլ այն իր սկիզբն է առել: Համերգին բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը` ներկայացնելով հայ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանին և Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երևանի պետական կամերային երգչախումբն, ինչպես նաև բուն նախագիծը: Հայ երաժիշտներն իրենց կատարումներով արժանացան բազմաթիվ հայ և օտարազգի ներկաների ջերմ ընդունելությանը:

Նմանատիպ նյութեր