211652_close_icon
views-count785 դիտում article-date 17:00 15-05-2015

Գերմանիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումները

Մայիսի 8-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգում տեղի ունեցավ «Շարժման մեջ» խորագրով հայկական մշակութային օրերի բացումը: Մշակութային միջոցառումների շարքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և անցկացվում է երկրամասի մշակույթի և լուսավորության նախարար Շտեֆան Դորգերլոհի հովանու ներքո: Բացման օրը գերմանացի դիրիժոր, պրոֆեսոր Քրիստֆրիդ Բրյոդելի գլխավորած երգչախումբն առաջին անգամ կատարեց Թոմաս Բուխհոլցի կողմից վերամշակված Կոմիտասի գերմանալեզու շարականները: Միջոցառմանը ներկա էին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության և լանդթագի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Ողջույնի խոսքով հանդես եկան երկրամասի Լանդթագի փոխնախագահ Գերհարդ Միստերֆելդը, մշակույթի և լուսավորության նախարար Շտեֆան Դորգերլոհը և Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը: «Շարժման մեջ» խորագրով մշակութային օրերը երկրամասում կտևեն մինչև հուլիսի 1-ը` ներառելով հայկական ֆիլմերի ցուցադրություն, հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ և այլն: Մայիսի 8-ից 26-ը Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Կարլսհորստ» մշակութային տանը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հովանու ներքո անցկացվում են հայ-գերմանական մշակութային օրեր: Մայիսի 9-ին միջոցառումների շարքի շրջանակներում տեղի ունեցավ Երևանից ժամանած «Նաղաշ» երգչախմբի համերգը: Համերգին ներկա էին Մարտին Պետցոլդը, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակութային հարցերի պատասխանատու Մ.Գոկշը, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Նմանատիպ նյութեր