2627 դիտում
15:11 23-05-2015
Սկանդալային օֆշորի գործով նախաքննությունն ավարտվել է. նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը հարցաքննվեցի՞ն, թե՞ ոչ
Օֆշորի սկանդալային գործի նախաքննությունն ավարտվել է: ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չի հարցաքննվել, իսկ Նավասարդ Կճոյանի մասով գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկությունը՝ պատճառաբանելով, որ նախաքննությունը վերջացել է, բայց ամբողջությամբ նյութերին չի ծանոթացել:
«Հարցաքննություններ եղել են: Նախկին վարչապետը չի հարցաքննվել, իսկ Նավասարդ Կճոյանի մասով՝ երեւի, որովհետեւ ամբողջությամբ գործի նյութերին դեռ չեմ ծանոթացել: Բայց հարցաքննվելու խնդիր չեմ տեսնում, որովհետեւ Աշոտ Սուքիասյանը ինչ պնդել էր, իր համոզմանն է մնացել: Այսինքն, նրանց մասով մեղավորություն չի եղել»,- ասաց փաստաբանը եւ ավելացրեց, որ մեկ ամսվա ընթացքում գործը կուղարկվի դատարան:
Մինչ այդ օֆշորի գործով սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել: «Ինչի՞ համար չի եկել Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի իմ կամ մեկ ուրիշի հաշվի վրա, այլ՝ իր: Այդ գումարով մոտ 90 կիլոգրամ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը, որի հիմնական սեփականատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են: Դակումենտալնի գրանցված է՝ 6 միլիոնից ավելի ոսկի են գնել: Հիմա այդ ոսկու տեղն էլ հայտնի չէ: Բայց հանրապետությունում դատախազից սկսած՝ չեն ուզում այդ հարցի պատասխանը ստանան: Իմ ունեցածը ես իմ քրտինքով եմ վաստակել, ինչո՞ւ ինձ հետ այդպես վարվեցին: Ինչո՞ւ իմ ունեցածի վրա խաչ քաշեցին»,- ավելացրել էր Փայլակ Հայրապետյանը:
Նաեւ նշել էր, որ իր սնանկացման գործում մեղավոր է նաեւ «Ամերիա» բանկի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը: Միաժամանակ ավելացրել, որ եթե այս անձինք պետք է քննության չմասնակցեն եւ պատասխան չտան, ապա ինքը համաձայն չէ, որ Աշոտ Սուքիասյանին կալանքի տակ պահեն: «Ես համաձայն չեմ այս ընթացքի հետ: Եթե այսպես է շարունակվելու, Աշոտին կարող են բաց թողնել»,- ասել էր նա:
Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ դեռ քննչական գործընթացները չավարտված՝ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել Ծովազարդ գյուղում գտնվող «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, որը պատկանում է Փայլակ Հայրապետյանին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Փայլակ Հայրապետյանը: «Արդեն պահակներին հանել են: Շուկայական գինը 50 միլիոն դոլարից ավելի է, բայց հիմա չնչին գներով վաճառքի են հանել: Իմ 23 տարվա աշխատանքի արդյունքներից մեկն է»,- ավելացրել էր նա: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել նաեւ Փայլակ Հայրապետյանի առանձնատունը, Ջերմուկում գտնվող նրա մարզամշակութային համալիրը: Արդեն վաճառել են Քոչարի 1 եւ 4 շենքերը:
«Սա իմ ընտանիքի քրտնաջան աշխատանքով ստեղծված ունեցվածքն է: Մենք ինչ-որ մեկից չենք գողացել, այլ քրտինքով ենք ստեղծել: Ինչպե՞ս կարելի է նման բան անել, քանի դեռ օֆշորի սկանդալով քննությունը չի ավարտվել, դատական գործ չի սկսել: Դա իմանալուն պես իմ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Ես բոլոր գործարարներին կոչ եմ անում իմ ունեցվածքը չգնեն, քանի որ դա ապօրինի կերպով է իմ ձեռքից խլվել ու վաճառքի հանվել: Դա իմ ամբողջ կյանքն է»,- ասել էր Փ. Հայրապետյանը:
Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ի երկրորդ հատվածը, եւս վաճառվել է, եւ այն թուրքահայ գործարար Քրիսթիան Գիլինիջին է գնել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Փայլակ Հայրապետյանը: Նա նաեւ պատմել էր, որ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։
Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։
Հայաստանի ոստիկանությունը Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը