211652_close_icon

Համագործակցության նոր հեռանկարներ ՌԴ-ի հետ

views-count637 դիտում article-date 15:53 22-05-2015
Օրերս ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում։ Այցի շրջանակում մայիսի 20-ին ՌԴ էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային հսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը ընդունել է ՀՀ ՏԿԱԻ նախարարության պատվիրակությանը, որը գլխավորում էր նախարար Արմեն Երիցյանը։ Կողմերը քննարկել են երկու կարգավորող կառույցների հիմնական խնդիրները, ինչպես նաև` պայմանավորվածություն ձեռք բերել նախապատրաստել ու ստորագրել ՀՀ ՏԿԱԻՆ և ՌԴ էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային հսկողության դաշնային ծառայության միջև համագործակցության համաձայնագիր։ Հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԱԻՆ գործընկերներին ներկայացվել են ռուսական ծառայության գործունեությունը, առաջնային խնդիրները, ինչպես նաև գերատեսչության առաջիկա ծրագրերը` արդյունաբերական անվտանգության ապահովման գործում անցում դեպի ռիսկին ուղղված մոտեցում, հեռակա հսկողության միջոցների ներդրում, փորձագիտության որակի բարձրացում, հասարակական հսկողության ինստիտուտի ձևավորում և անվտանգության պահանջների անընդհատ լրամշակում` հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացումը։ Խոսելով Ռուսաստանում հեռակա հսկողության համակարգի ներդրման մասին` դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը նշել է, որ դա լինելու է հսկողության ինքնուրույն ձև. - Ինչպես ցույց է տալիս առաջավոր երկրների փորձը, որտեղ արդեն ներդրվել է նման համակարգ, դա զգալիորեն կրճատում է ստուգումների ժամանակը` առանց որակի վրա բացասական ազդեցության։ ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն իր հերթին բարձր է գնահատել նման հանդիպումների նշանակությունը. - Մենք պատրաստ ենք փոխառել օգտակար փորձը և շնորհակալ ենք դաշնային ծառայությանը` նման հնարավորություն ընձեռելու համար։ ՌԴ էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային հսկողության դաշնային ծառայության ղեկավարը հույս է հայտնել, որ երկու գերատեսչությունների միջև կծավալվի արդյունավետ փոխգործակցություն և ընդգծել է երկկողմ համագործակցության մասին համաձայնագրի մշակման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր