211652_close_icon
views-count2401 դիտում article-date 11:59 26-08-2026

Օրեր առաջ Երևանի «մահաբեր անցում» անունն ստացած հատվածում գլխիվայր շրջված ավտոմեքենայի միջից Երևանի 103 շտապօգնության բժիշկը, վտանգելով իր կյանքը, փրկել է երեխայի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, այդ թվում՝ բացառիկ, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավտովթարի մասին, երբ բախվել էին «Nissan»-ը և «Ford Transit»-ը, ինչից հետո «Nissan»-ը գլխիվայր շրջվել էր ու վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, «Արմենիա» հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցները ու Երևանի 103 շտապօգնության թիվ 21 բժիշկների խումբը։

Հրապարակումը լայն արձագանք ստացավ համացանցում, այդ թվում՝ քաղաքացիների կողմից տեսանկարահանված կադրերը, որով երևում է թե ինչպես է մեկ հոգի գլխիվայր շրջված ավտոմեքենայից դուրս բերում երեխային և մոտեցնում շտապօգնության ավտոմեքենային։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային ավտոմեքենայից դուրս է բերել Երևանի 103 շտապօգնության բժիշկներից Արամ Աբրահամյանը, ով ոչ միայն հավատարիմ մնալով Հիպոկրատի տված երդմանը, այլ նաև վտանգելով իր կյանքը մտնում է գլխիվայր շրջված ավտոմեքենայի մեջ, այնտեղից դուրս բերում երեխային և գրկած մոտեցնում շտապօգնությանն ու տեղում արդեն իր գործընկերոջ հետ օգնություն ցուցաբերում երեխային։ Իսկ ինչու էր վտանգում իր կյանքը, քանի որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ գլխիվայր շրջված մեքենաներում կարճ ժամանակ անց գազի արտահոսք է եղել, հրդեհ է բռնկվել, բայց այս դեպքում բարեբախտաբար բանը դրան չհասավ։

Երևանի 103 շտապօգնության բժիշկ Ա․ Աբրահամյանը իր կատարած բարոյական ու մասնագիտական բարձր քայլերով ապացուցեց՝ ուրիշի ցավ չկա, և վայրկյանների ընթացքում ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։

Իսկ նշված վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:10-ի սահմաններում Դավթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, բախվել էին Երևանի բնակիչներ 41-ամյա Վլադիմիր Ա.-ի վարած «Nissan» մակնիշի և 41-ամյա Հայկ Ս.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել էր, իսկ վթարի հետևանքով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության 21-րդ խումբը վարորդներից Վլադիմիր Ա.-ին նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն էր ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդներին և վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, «Արմենիա» հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցները, ովքեր նաև ավտոմեքենայից դուրս էին բերել մի երեխայի, սակայն ծնողները հրաժարվել էին երեխային տեղափոխել հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյան գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Պետրոսյանն ու պարեկ Ազատ Ղազարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված ճանապարհին նախկինում տեղադրվել էին արհեստական անհարթություններ, սակայն հետո Երևանի քաղաքապետարանն այն ապամոնտաժել էր՝ խոստանալով, որ տեղադրվելու է հետիոտների համար հատուկ լուսակիր, քանի որ այդ հատվածում շատ հաճախ են տեղի ունեցել և մինչև այժմ տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ ողբերգական, վրաերթեր, ցավոք, մահվան ելքով, իսկ պատասխանատուները կարծես թե դիտմամբ այդ արհեստական անհարթությունները ապամոնտաժեցին և իրենց խոստացված լուսակիրները չտեղադրեցին, երևի թե նրանց «սրտով» է, որ տեղի են ունենում նման դեպքեր։ Թե որ մարմինն է ի վերջո այս մահվան անունը ստացած հատվածում խոստացված լուսակիրների տեղադրումն իրականացնելու, մնացել է այդ պաշտոնյաների տված դատարկ խոստումների նման օդից կախված։

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ՝ ինչպես էր տեղի ունեցել ավտովթարը։ Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

SHAMSHYAN.com
 ներկայացնում է նաև տեսանյութ՝ թե ինչպես է շտապօգնության բժիշկը գլխիվայր շրջված ավտոմեքենայից դուրս բերում երեխային և մոտեցնում շտապօգնության ավտոմեքենային։ Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
Տեսանյութը՝ համացանցից


 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր