211652_close_icon
views-count1966 դիտում article-date 13:30 25-08-2026

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 60-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում. նրան պատգարակով ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ջրաբեր բնակավայրի վարչական տարածքում Երևանի բնակիչ 60-ամյա Համլետ Դ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Աբովյան բժշկական կենտրոն»։

Շտապօգնության բժիշկները ձորում վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարները պատգարակով մեծ դժվարությամբ վիրավորին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալբերտ Հովհաննիսյանը և Մխիթար Մկրտչյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից