Վրաստանի նախագահը կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացմանը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կարծիքով՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անհրաժեշտ են՝ որպես հարևան պետությունների նկատմամբ Ռուսաստանի քաղաքական ագրեսիվ գործողությունների անընդունելիության նշան:
«Երբ մենք խոսում ենք պատժամիջոցների և նրանց բացասական հետևանքների մասին, այդ թվում՝ Վրաստանի հարցում, պետք է հիշենք, թե դրանք ինչի պատճառով սկսեցին կիրառվել: Պատժամիջոցների միակ նպատակը Ուկրաինայի տարածքում պատերազմը դադարեցնելն է, Ղրիմի վերադարձնելը Ուկրաինային և, ընդհանրապես, իր հարևան երկրների հանդեպ ցուցաբերած ագրեսիվ ու անընդունելի գործողություններին վերջ դնելը: Հետևաբար, պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ոչ միայն պետք է պահպանել, այլ նման անընդունելի քաղաքական գործողությունների դեպքում դրանք խստացնել»,-ասել է Մարգվելաշվիլին:
Նա հավելել է, որ Վրաստանը ԵՄ ուղին է ընտրել ոչ թե Ռուսաստանի հետ թշնամանալու, այլ իր զարգացման համար, իսկ Ռուսաստանը, առաջին հերթին, պետք է հետաքրքրվի իր կայուն ու ժողովրդավարական հարևաններով: