«Ռիվեր Փլեյթի» չորս ֆուտբոլիստ տեղափոխվել են հիվանդանոց. տեսանյութ
Արգենտինական «Բոկա Հունիորս» և «Ռիվեր Փլեյթ» թիմերի միջև Լիբերտադորեսի Գավաթի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը առաջին խաղակեսից հետո դադարեցվել է, քանի որ երկրպագուները մարզադաշտում արցունքաբեր գազ են արձակել:
Երբ ֆուտբոլիստները ընդմիջումից հետո դուրս են եկել երկրորդ խաղակեսին, հանդերձարանից խաղադաշտ տանող հատվածում արցունքաբեր գազ է տարածվել: Խաղը կանգնեցվել է և մեկ ժամ անց որոշում է կայացվել այն չվերսկսել: «Ռիվեր Փլեյթի» ֆուտբոլիստները երկար ժամանակ չէին կարողանում դուրս գալ մարզադաշտից՝ «Բոկա Հունիորսի» ագրեսիվ տրամադրված երկրպագուների պատճառով:
Ավելի ուշ տարբեր աստիճանի այրվածքներով «Ռիվեր Փլեյթի» չորս ֆուտբոլիստ՝ Պոնցիոն, Վանջոնին, Կրանևիտերը և Մորին, տեղափոխվել են հիվանդանոց:
Միջադեպի հետ կապված Ֆուտբոլի Հարավամերիկյան Կոնֆեդերացիան դեռ չի որոշել, արդյոք հանդիպումը կվերախաղարկվի: Այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Ռիվեր Փլեյթի» հաղթանակով՝ 1:0: