211652_close_icon
views-count938 դիտում article-date 14:10 13-05-2015

Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Մայիսի 9-ին Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի դեսպանությունների համատեղ նախաձեռնությամբ նշվեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի արտաքին գործերի նախարարության, մշակութային և արվեստի ոլորտը ներկայացնող, ինչպես նաև գիտա-ակադեմիական, Արգենտինայում հայկական, ռուսական և բելառուսական համայնքների ներկայացուցիչներ: Ելույթներով հանդես եկան Արգենտինայում Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի դեսպանները: Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «1915թ. Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված հայերը 30 տարի հետո՝ Խորհրդային միության բանակում, նաև Ֆաշիզմի դեմ պայքարող այլ պետությունների բանակներում, պարտիզանական շարժումներում հերոսաբար մարտնչեցին և ֆաշիզմի դեմ պայքարի կարևոր մասնակիցը դարձան։ 600 հազար հայ մասնակցեց պատերազմին, որոնց կեսից ավելին զոհվեցին՝ իրենց կյանքը տալով հաղթանակի սուրբ գործին։ 106 հայեր արժանացան Խորհրդային միության հերոսի կոչման, 100-ից ավելի հայ գեներալներ, չորս մարշալ և մեկ ծովակալ տվեցին հայերը Խորհրդային բանակին։ Բազմաթիվ հերոսներ և բարձրաստիճան հայ հրամանատարներ կային նաև ֆաշիզմի դեմ պայքարող այլ պետությունների բանակներում»։ Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկավ «Գայանե» պարախումբը: Հայազգի երգիչներ Ալլա Ավետիսյանի և Հարություն Աստվածատրյանի կատարմամբ հնչեց «Մեր անունն է հայկական բանակ» երգը, որի ընթացքում ցուցադրվող տեսահոլովակում ներկայացվեցին ինչպես Հայրենական Մեծ պատերազմի, այնպես էլ արցախյան պատերազմի հերոսները՝ այդ կերպ նշանավորելով նաև Շուշիի ազատագրման հերոսամարտն ու հաղթանակը: «Սիրանույշ» սրահի ճեմասրահում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսում Արգենտինայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել էր առանձին պաստառ, որտեղ հանգամանալից ներկայացված էին հայազգի մարշալների, գեներալների և հերոսների լուսանկարները, սխրանքներն ու պարգևները: Մայիսի 10-ին Բուենոս Այրեսի «Գրիգոր Լուսավորիչ» մայր տաճարում անցկացվեց պատարագ և հոգեհանգիստ` պատերազմի զոհերի հիշատակին, և ծաղկեպսակ զետեղվեց եկեղեցու բակում տեղադրված արցախյան պատերազմի հերոսների հուշարձանի մոտ:

Նմանատիպ նյութեր