211652_close_icon
views-count1109 դիտում article-date 20:29 12-05-2015

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

Մայիսի 6-ից 9-ը Գերմանիայում ՀՀ դեսպանության դիվանագետները մասնակցեցին Գերմանիայի տարբեր քաղաքներում կայացած` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Մայիսի 6-ին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հրավերով Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը մասնակցեց Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի Շթուքենբրոք քաղաքում կայացած` Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված ռազմագերիների հիշատակին նվիրված միջոցառմանը: Պատերազմի տարիներին Շթուքենբրոքի հարևանությամբ տեղակայված է եղել «Stalag 326 Senne» համակենտրոնացման ճամբարը, որտեղ պահվել են ավելի քան 310000 ռազմագերիներ: Համաձայն գերմանական կողմի ունեցած տվյալների` այստեղ թաղված են 65000 ռազմագերիներ: Միջոցառմանը նախագահ Գաուկը հանդես եկավ ծավալուն ելույթով: Գերմանիայի նախագահն իր խոսքում նշեց, որ հիտլերյան բանակը առանձնակի դաժանությամբ է գործել Խորհրդային միությունում: Գաուկը շնորհակալություն հայտնեց արևմտյան դաշնակիցներին և Խորհրդային միության ժողովուրդներին` նացիստական Գերմանիային հաղթելու և դրանով իսկ գերմանացիներին ազատ և արժանապատիվ ապրելու հնարավորություն տալու համար: Շթուքենբրոքում բացվեց նաև փաստագրական կենտրոն, որտեղ արդեն պարզվել է համակենտրոնացման ճամբարում սպանված 65000 ռազմագերիներից 10000-ի ինքնությունը: Նրանց մեջ եղել են նաև ազգությամբ հայ բազմաթիվ ռազմագերիներ: Նախագահ Գաուկը բացեց հուշատախտակ, որի վրա գրված էին «ա» տառով սկսվող 970 ռազմագերիների ազգանունները և նրանց տվյալները: Նշյալ ցուցակում կան 17 հայերի ազգանուններ: Իր խոսքը նախագահ Գաուկն ավարտեց այն պնդմամբ, որ եթե հայտնի են հանցագործության կատարողները, ապա նրանց զոհերը չպետք է անանուն մնան, և մեր պարտքն է ճշտել նրանց տվյալները: Գերմանիայի Նախագահը ծաղկեպսակ դրեց զոհված խորհրդային զինվորների հուշարձանին: Միջոցառմանը հրավիրված էին Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, եկեղեցականներ, համակենտրոնացման այս ճամբարում զոհվածների ազգականներ: Մայիսի 7-ին Բեռլինում Ռուսական մշակույթի և գիտության տանը տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին Բունդեսթագի անդամներ, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, պատերազմի վետերաններ: Ելույթներով հանդես եկան Գերմանիայում ՌԴ դեսպան Վլադիմիր Գրինինը, Բելառուսի դեսպան Անդրեյ Գիրոն, պատերազմի վետերաններ և Ռուսական «Россотрудничество» դաշնային գործակալության ղեկավար Լյուբով Գլեբովան: Միջոցառմանը մասնակցեց դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Գրիգորյանը: Մայիսի 8-ին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն այցելեց Բրանդենբուրգ երկրամասի Լեբուս քաղաք և ծաղկեպսակ դրեց Սովետական զինվորի հուշարձանին, որտեղ թաղված են խորհրդային բանակի 5000-ից ավելի զինվորներ: Գերմանիայի նախագահի ելույթից հետո ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, այդ թվում և Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, նախագահ Գաուկի հետ ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին: Մայիսի 9-ին Աշոտ Սմբատյանը մասնակցեց Բեռլինի Տրեպտով այգում Սովետական զինվորի հուշարձանի մոտ տեղի ունեցած հիշատակման արարողությանը: Հայ դիվանագետը ծաղկեպսակ դրեց հուշարձանին և ԱՊՀ այլ դեսպանությունների դիվանագետների հետ միասին մասնակցեց հիշատակման արարողությանը, որի շրջանակներում դեսպանները տոնական մթնոլորտում բացեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհված և Տրեպտովում թաղված ԱՊՀ երկրներից հինգական զինվորների անուններով հուշատախտակները: Նույն օրը Աշոտ Սմբատյանը մասնակցեց Բեռլինի «Թիերգարտեն» այգում Սովետական զինվորի հուշարձանի մոտ կայացած հիշատակման արարողությանը` ծաղկեպսակ դնելով հուշարձանի մոտ, այնուհետև ԱՊՀ երկրների դեսպանների հետ միասին ընդունելով միջոցառման պատվավոր հյուրերի շնորհավորանքները: Միջոցառման ավարտից հետո Գերմանիայում ՌԴ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն, որը կազմակերպվել էր ԱՊՀ երկրների դեսպանությունների կողմից: Ընդունելությանը ներկա էին մեծ թվով հյուրեր, այդ թվում` Գերմանիայի Կառավարության և Բունդեսթագի անդամներ, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հետխորհրդային երկրների համայնքների ներկայացուցիչներ, պատերազմի վետերաններ:

Նմանատիպ նյութեր