Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Աթենքում
Մայիսի 9-ին Աթենքի մաս կազմող Կալիթեա քաղաքում նշվեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձը:
Միջոցառումը մեկնարկեց «Անմահ գումարտակ» քայլարշավով «Մելինա Մերկուրի» մշակութային կենտրոնից: Քայլարշավի մասնակիցները Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած իրենց հարազատների լուսանկարներով շարժվեցին դեպի Սիգրու պողոտային հարակից Սովետական զինվորի հուշարձանը: Կալիթեայի փողային նվագախմբի կատարումների ուղեկցությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և անդամների, հունական կուսակցությունների և հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչների կողմից տեղի ունեցավ դափնեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, դեսպանության ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը, ինչպես նաև «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայում ուսանող հայ կուրսանտները:
Ելույթներով հանդես եկան դեսպան Ղալաչյանը, Հունաստանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Մասլովը, Կալիթեայի քաղաքապետ Դիմիտրիոս Կարնավոսը:
Դեսպան Ղալաչյանն իր խոսքում ներկայացրեց հայ ժողովրդի ավանդը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի կայացման գործում: