Բանակցությունների հաջորդ փուլը շատ բարդ է լինելու. Իրանի նախագահ
Չնայած ապրիլի սկզբին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում ձեռք բերված մի շարք կարևոր համաձայնություններին, համապարփակ համաձայնագրի հասնելու Թեհրանի և «վեցյակի» միջև անցկացվելիք բանակցությունների հաջորդ փուլը շատ բարդ է լինելու, ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Իրանի խորհրդարանի անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք Լոզանում հասանք որոշակի համաձայնությունների, բայց մենք պետք է ավելի բարդ փուլ անցնենք, մինչև կհասնենք համապարփակ համաձայնագրին»,-մեջբերում է իրանական Press Tv-ն Հասան Ռուհանիի խոսքը:
Հիշեցնենք, որ լոզանյան համաձայնություններով Իրանը պարտավորվում է 10 տարվա ընթացքում դադարեցնել ուրանի հարստացման իր ցենտրիֆուգների 2/3-ի աշխատանքը: Բացի այդ, Իրանը 25 տարվա ընթացքում պետք է պարբերաբար հաշվետվություն ներկայացնի իր միջուկային ծրագրի վերաբերյալ, իսկ միջուկային բոլոր ծրագրերը կվերահսկվեն միջազգային տեսուչների կողմից: