211652_close_icon
views-count774 դիտում article-date 13:56 09-04-2015

Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում

Ապրիլի 7-ին Վիեննայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության Մեծ դահլիճում Ավստրիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկի բրյուսելյան գրասենյակի, Եվրոպական հանձնաժողովի ավստրիական ներկայացուցչության և Ավստրիայի Կանաչների կուսակցության հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան – Աղետ և ապագա. Կենաց-մահու 100 տարի» խորագրով քննարկում: Ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն, ով անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմական եղելության լուսաբանմանը, իրողության միջազգային ճանաչման արդիական խնդիրներին և հայ-թուրքական հարաբերությունների ներկա հանգրվանին: Այնուհետև կայացավ քննարկում Հայոց ցեղասպանության, Հայաստանի ներկային և ապագային առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, դոկտոր Ուլրիկե Լունաչեկը, Ավստրիայի խորհրդարանի պաշտոնաթող նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Հայնրիխ Նայսերը, Ավստրիայում գերմանական «ARD» հեռուստալրատվական միավորման արտասահմանյան թղթակիցների նախագահ, դոկտոր Սուզաննե Գլասը, գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը: Քննարկումը վարում էր ավստրիական հանրային ռադիոընկերության լրատվական բաժնի ղեկավար Իռենե Զուխին: Քննարկման մասնակիցներն անդրադարձան Հայոց ցեղասպանության խնդիրներին՝ պատմաքաղաքական և արդիական զարգացումների ենթատեքստերում: Նշվեց Ցեղասպանության իրողության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը եվրոպական նորագույն քաղաքականության համատեքստում: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկն ընդգծեց ապրիլի 14-15-ին Եվրոպական խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կարևորությունը, որով նաև առաջարկվելու և հանձնարարվելու է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Պրոֆեսոր Հայնրիխ Նայսերն ու Ավստրիայում գերմանական «ARD» հեռուստալրատվական միավորման արտասահմանյան թղթակիցների նախագահ, դոկտոր Սուզաննե Գլասն անդրադարձան եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի շրջանակներում և մարդու իրավունքների լույսի ներքո Հայոց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտության և եվրոպական խորհրդարանների, մասնավորապես Ավստրիայի և Գերմանիայի խորհրդարանների կողմից Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համապատասխան հայտարարությամբ հանդես գալու հարցերին: Քննարկման մասնակիցները նաև պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին: Քննարկմանը զուգահեռ` Վիեննայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունում Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից ներկայացվեց ցուցահանդես՝ «Հայոց ցեղասպանությունը օտարերկրյա մամուլի անդրադարձներում» և «Ցեղասպանությունը վերապրած հայ որբերի ճակատագիրը» խորագրով: Ցուցահանդեսին ներկա էին Ավստրիայի կառավարական, հասարակական-քաղաքական, խորհրդարանական շրջանների, ավստրաբնակ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, ավստրահայ համայնքի անդամներ, լրագրողներ:

Նմանատիպ նյութեր