211652_close_icon
views-count817 դիտում article-date 20:46 09-11-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Վիեննայում

Նոյեմբերի 7-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգը, որն աշխարհի մի շարք քաղաքներում կայացած եզրափակիչ համերգներից մեկն էր: Համերգը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից` «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ համատեղ: Համերգը տեղի ունեցավ Վիեննայի լավագույն բեմերից մեկի` Մյուզիկֆերայն համերգասրահի գլխավոր դահլիճում` Գրոսսեր Զալում: Համերգի բացումը կատարեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, որն ակնածանքի խոսքեր արտահայտեց աշխարհահռչակ երաժիշտների հասցեին՝ հայ ժողովրդի կողքին կանգնելու, նրա վիշտը կիսելու և սեփական արվեստով մարդկության դեմ հետագա հանցագործությունների դեմ պայքարելու համար: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Բաբաջանյանի, Բրամսի, Ռահմանինովի, Բիզեի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Կատարումներով հանդես եկան ավստրիաբնակ դաշնակահար Նարե Աղրամանյանը և ջութակահար Էմանուել Ճկնավորյանը, հանրահռչակ թավջութակահար Միշա Մայսկին և իր ընտանեկան տրիոն, ինչպես նաև Լիանա Հարությունյանը, Հովհաննես Այվազյանը, Վարդուհի Խաչատրյանը և Բարսեղ Թումանյանը, որոնք Սալցբուրգի Camerata նվագախմբի և Bachchor երգչախմբի ուղեկցությամբ կատարեցին Մոցարտի Ռեքվիեմը: Այն խմբավարում էր անվանի հայ երաժիշտ Ջորջ Փեհլիվանյանը: Համերգին ներկա էին Ավստրիայում և միջազգային կառույցներում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ավստրիայի խորհրդարանի անդամներ, գործադիր և օրենսդիր իշխանական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, ավստրիահայ համայնքի անդամներ:

Նմանատիպ նյութեր